Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր է վերադարձել Արցախից: Նա եղել է Ստեփանակերտում, Մարտակերտում, Թալիշ-Մատաղիս հատվածում:
Լրագրողների հետ զրույցում, խոսելով ստեղծված ռազմաքաղաքական վիճակի մասին, Փաշինյանը նշեց, որ ամենակարեւոր արձանագրումն այս պահի դրությամբ այն է, որ պետք է մոռանալ «զինադադար», «զինադադարի խախտում» հասկացությունները, որովհետև սա այլևս զինադադարի խախտում չէ, սա պատերազմ է: Պատգամավորն արձանագրեց հակառակորդի կողմից հրետանու կրակահերթերը, ականների պայթյունները ու անօդաչու սարքերի կիրառումը: «Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում»,- ասաց նա:
Պատգամավորի համոզմամբ՝ հակառակորդի` այս փուլի նպատակները ձախողվել են, նրանք փորձել են երկու ուղղությամբ մտնել Արցախ, և եթե այդ երկու անցումը ստացվեր, հաստատ դրան հետևելու էր կենտրոնից հարձակումը Ստեփանակերտ քաղաքի վրա: Բայց քանի որ հայկական զինված ուժերը կարողացել են հյուսիսում ու հարավում կասեցնել ներխուժման փորձը, հակառակորդը հասկացել է, որ պլանը չի հաջողվում իրականացնել:
Պատգամավորը հակիրճ իր տեսանկյունից ներկայացրեց ստեղծված ռազմաքաղաքական վիճակը: «Եթե մենք այս պահի դրությամբ զինադադար հաստատենք, որտե՞ղ է երաշխիքը, որ այն չի խախտվի մի քանի օր հետո: Եվ ենթադրենք` մենք ամրագրեցինք մեր դիրքերը մինչև ապրիլի 1-ի դրությամբ, որտե՞ղ է երաշխիքը, որ նրանց կողմից հարձակումներ չեն լինի: Ուստի, լուծումը, արցախցիների մեծ մասի կարծիքով, հետևյալն է՝ պետք է այս փուլում անել ամեն ինչ՝ Ադրբեջանին տարածքային լուրջ կորուստներ պատճառելու համար, որ գոնե երաշխիք ունենանք, որ Ալիևը շոկից մեկ տարի դուրս չգա»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ խնդիրն այն է, որ մեր ռազմավարական նպատակը պետք է լինի շատ լուրջ և շոշափելի` տարածքային կորուստ պատճառել Ադրբեջանին, ասենք որևէ քաղաք պետք է անցնի մեր ԶՈՒ տրամադրության տակ:
Ըստ պատգամավորի` Հայաստանի իշխանությունները շատ հստակ պետք է հայտարարեն, որ Հայաստանը որևէ բանակցություն չի վարելու, որտեղ ներկայացված չլինի Արցախի կողմը: