Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչ երեկ փորձում էր անել Նիկոլ Փաշինյանը ավելի շատ սազական էր գիտագործնական սեմինարի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Փաշինյանի ասածն այն էր, որ պետք է փոխենք մեր պետության և հայրենասիրության մոդելը, այսինքն փոխենք այն, ինչի վրա հիմնված է այս հանրապետությունը, որովհետև նման մտավարժանք 33 տարի առաջ օգոստոսին էր, երբ ձևավորվում էր Հայաստանի անկախ պետականությունը, երբ մշակվում էր անկախության հռչակագիրը։ Այդ պետականության մոդելի առանցքում Արցախի խնդիրն էր, Ցեղասպանության խնդրի միջազգային դատապարտումն էր։ Այնտեղ կետ կա, որ ՀՀ-ն շարունակում է, կամ կրողն է Առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների։ Կար պետական մոդել, իսկ հիմա Փաշինյանն ասում է այս ամենը քանդենք և ստեղծենք մեկ այլ հայրենասիրական մոդել և դա նշանակում է վերջ՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և ինչ ուզում է լինի մենք խաղաղություն ենք ուզում։ Մեզ խփեն, լրացուցիչ պահանջներ ներկայացնեն, մենք ասում ենք չէ, մենք որևէ բան չենք անում և գնում ենք խաղաղության։ Իսկ այն, որ ցանկացած զիջում բերում է նոր պահանջների՝ ակնհայտ է․ հհիշեք, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը առաջին պահանջը եղավ Կաշենի հանքը, դա փակվեց, բայց շրջափակումը չվերացվեց, հաջորդը եղավ Ռուբեն Վարդանյանի պաշտոնից զրկումը, նա պաշտոնանկ արվեց, և՞․․․ Սա թուրքական քաղաքականությունն է, սա թուրք-ադրբեջանական պետության էությունն է՝ հավելյալ պահանջներ, հավելյալ ճնշումներ և ինչքան դու ընկրկում ես այնքան իրենք լկտիանում և պահանջներ են ներկայացնում»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ նույն գործընթացը հիմա Վաշինգտոնում է տեղի ունենում․ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ «կարգավորում», այն դեպքում, երբ Ադրբեջանը բանակցությունների գնալուց առաջ հստակ իր դիրքորոշումն արտահայտեց, հստակ ասեց՝ «Ղարաբաղը ընդմիշտ մոռացեք»։ Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ չի հայտնում, և այսօր խոսում են, որ կա առաջընթաց բանակցություններում։ Ինչքան այս իշխանությունները բանակացություններում առաջընթացից են խոսում, այդքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում և այս բանակցություններում պատահաբար հայտնվում է Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ բանակցությունների «մասնագետ» է։ Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ իրենք ունեն լուրջ մտահոգություն, որ այս իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու։