Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2016-2017 ուսումնական տարվա` Չինաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի և Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթների արդյունքները:
Միջոցառմանը ներկա են եղել երեք կրթական աստիճաններով՝ բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերի մրցույթների համար դիմած և դրական միավորներ ստացած դիմորդները:
Շնորհավորելով և հաջողություն մաղթելով մրցույթում հաղթած բոլոր դիմորդներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ, համաձայն կառավարության որոշմամբ հաստատված համապատասխան կարգի, միջպետական համաձայնագրով նշված երկրների բուհեր ընդունված արական սեռի ուսանողներին տարկետման իրավունք տրվում է բուհերի վարկանիշավորման համաշխարհային սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին, ինչպես նաև պետության կողմից գերակայություն հռչակված ուղղության մասնագիտությունների համար:
«Այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին: Ավելի մեծ թվով դիմորդներ ցանկություն են հայտնել սովորել մագիստրատուրայում, ավելի քիչ` ասպիրանտուրայում»,- ասել է Հարությունյանը:
Նա նաև հորդորել է արտերկրում կրթվելու իրավունք ստացած հայ երիտասարդներին հիշել, որ իրենք արտասահմանյան բուհերում ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի կրթական համակարգն ու հայ երիտասարդությանը: «Հորդորում եմ ցուցաբերել բարձր առաջադիմություն և օրինակելի վարք և միշտ հիշել, որ ձեզ հետ շփվող օտարերկրացի ուսանողները Հայաստանը ճանաչելու են ձեզնով, ուստի խնդրում և պահանջում եմ՝ պատասխանտվությամբ և պատվախնդրությամբ մոտենալ ձեր առաքելությանը: Հորդորում եմ նաև սերտորեն համագործակցել տվյալ երկրում գործող ՀՀ դեսպանատան հետ, դիմել ձեզ հուզող բոլոր հարցերով»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը` միաժամանակ մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկելով մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով թափուր մնացած տեղերի, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով նախատեսված մրցույթներին:
Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ բոլոր ընդունվածների հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, համաձայն որի` վերջիններս ուսումնառության ավարտից հետո պարտավոր են վերադառնալ հայրենիք: Բացի այդ, բոլոր այն ուսանողները, ովքեր որևէ պատճառով կիսատ կթողնեն իրենց ուսումն արտերկրում, կզրկվեն իրենց կրթաթոշակային տեղերից, իսկ արական սեռի անձինք` նաև տարկետման իրավունքից:
Հանդիպման մասնակիցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳ նախարարի տեղակալին, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Նշենք, որ այս տարի Չինաստանի բուհերում սովորելու համար հատկացվել է 16 տեղ /10՝ բակալավր, 2` մագիստրոս, 4 ասպիրանտ/, Բուլղարիայի բուհերում սովորելու համար հատկացվել է 4 տեղ /2՝ բակալավր, 2 մագիստրոս/, Ռումինիա՝ 8 /3 բակալավր, 3 մագիստրոս, 2 ասպիրանտ/, Լեհաստան՝ 6 /2 բակալավր, 2 մագիստրոս, 2 ասպիրանտ/, Վրաստան և Հորդանան` համապատասխանաբար 10 և 25 մագիստրոսական: