կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-09 14:16
Տնտեսական

Հայկական ավիաշուկա մուտք գործած ընկերությունը էժան տոմսեր է խոստանում

Հայկական ավիաշուկա մուտք գործած ընկերությունը էժան տոմսեր է խոստանում

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին հայկական ավիաշուկա նոր մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Թամազ Գաիաշվիլին, ներկայացնելով ընկերության առաջիկա պլանները, նշեց, որ կանոնավոր թռիչքների ուղղություններն այս պահին հետևյալներ են՝ ՌԴ, մասնավորապես` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ռոստով, Սամարա, Սոչի, Մինվոդի, նաև Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Ֆրանկֆուրտ, Լոնդոն, Կիպրոս:

Գաիաշվիլու խոսքով՝ ժամանակի ընթացքում թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի: Թռիչքները սկսվելու են ապրիլի 21-ից, առաջին թռքիչքները կլինեն դեպի Մոսկվա և Թել Ավիվ:

«Մեր ընկերությունն իր պլանները այնպես պետք է դասավորի, որ Հայաստանի ազգաբնակչությունը գոհ լինի, որ տոմսերի գները այդքան էլ բարձր չլինեն: Շատ էժան տոմսերը կլինեն մարդկանց այն կատեգորիայի համար, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասաց նա:

Իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նշեց, որ ընկերության ձևավորումն ավարտվել է, մնացել է ստանան հիշյալ ուղղությունների թռիչքների թույլտվությունները, որից հետո կանցնեն տոմսերի վաճառքին: Հիմա հավաքագրում են կադրերին` հայ օդաչուներին, ավիատորներին, տեխնիկական անձնակազմին: Ընկերությունը ընդունելություն է կազմակերպում հայ մասնագետների համար` համալրելու անձնակազմի շարքերը:

Ըստ Հովհաննիսյանի` առայժմ կսկսեն երեք ինքնաթիռով, մինչև տարեվերջ դրանց թիվը կհասնի 8-ի:

Ինչ վերաբերում է ընկերության գնային քաղաքականությանը, նա նշեց, որ գներն այնպիսին կլինեն, որ Հայաստանի քաղաքացիները առանց խնդիրների կարողանան ձեռք բերել դրանք: Այստեղ նրանք կարևորում են տուրիստական ընկերությունների աջակցությունը: «Մենք կաշխատենք ապահովել այնպիսի սպասարկում, որը կլինի մրցունակ»,- ասաց Ռոբերտ Հովհաննիսյանը: