կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-26 14:45
Քաղաքական

Համաձայնագիրը ներքին սահմանադրություն է երկու կուսակցությունների համար. Արմեն Ռուստամյան

Համաձայնագիրը ներքին սահմանադրություն է երկու կուսակցությունների համար. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության համաձայնագրում ամրագրված է, որ իշխանությունը պետք է տարանջատվի բիզնեսից: ԱԺ ավանդական ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն պայքարելու ինքն իր դեմ:

«Դրա համար այն մեխանիզմները, որոնց մասին մենք խոսում ենք, պետք է հաստատվեն: Առաջին` էթիկայի հանձանաժողովի հետ կապված մեր հաստատումը պատահական չի բերված: Նույն այդ կառույցը ստեղծվել է հենց դրա համար, որպեսզի բացահայտի շահերի բախման բոլոր դեպքերը, անաչառ կերպով դա անի, և մենք անգամ ունենք փաստ, որ դիմել են այդ հարցով, բայց քանի որ էթիկայի հանձնաժողովը չի ձևավորվել հավասարակշռված, բալանսավորված կազմով, խնդիրը չի լուծվել: Հիմա մենք վերանայելու ենք բոլոր մոտեցումները: Նույնը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին»,- բացատրեց Ռուստամյանը:

ՀՅԴ-ականի խոսքով` այս գործընթացներում գործուն մասնակցություն պետք է ունենան քաղաքացիական հասարակությունը և ընդդիմությունը, որպեսզի հնարավոր լինի ներսից որոշումներն այնպիսին դարձնել, որ համոզիչ ու վստահելի լինեն, որպեսզի որևէ մեկը չփորձի դրանով պաշտպանվել:

«Չպետք է ստեղծենք այլ մարմիններ, որ պաշտպանեն իշխանավորներին կամ որևէ մեկին, պետք է իսկապես լինեն այնպիսի մարմիններ, որոնք անկախ, անաչառ գործեն և արժանիորեն պատժեն մեղավորներին: Դրա գլխավոր քայլը լինելու է դատական իշխանության անկախացումը, դրանից բխելու է ամեն ինչ: Մենք այսօր ունենք մի դատական իշխանություն, որն անկախ չի կարող լինել, սակայն այն, ինչ պետք է լինի առաջիկայում, լիովին անկախ է լինելու գործադիրից»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ երբ սկսվեն դատական օրենսգրքի ստեղծման աշխատանքները, այդ ամենն ավելի կամրապնդվի:

«Դրա համար ենք նաև այս համագործակցությանը գնացել և Սահմանադրությունը կյանքի կոչելու մյուս փուլն էլ պետք է կատարենք, որ որևէ մեկի մոտ կասկած չմնա, որ ինչ գրված է, թղթի վրա չմնա: Համաձայնագիրն էլ ներքին սահմանադրությունն է երկու կուսակցությունների համար»,- ասաց նա: