կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-26 14:21
Իրավական

Մեկ տարվա մեջ 3-րդ ողբերգությունն էր Մկրտչյանների ընտանիքում. մանրամասներ հայ գործարարի սպանության մասին

Մեկ տարվա մեջ 3-րդ ողբերգությունն էր Մկրտչյանների ընտանիքում. մանրամասներ հայ գործարարի սպանության մասին

Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 24-ին Մերձմոսկվայում սպանված` 34-ամյա հայ գործարարի մասին: Մեր տեղեկություններով՝ Սերգեյ Մկրտչյանը ծնունդով Երևանից էր՝ Քանաքեռ թաղամասից, ընտանիքի հետ երկար տարիներ բնակվում էին ՌԴ-ում: Մեզ հասած տեղեկություններով` նա ամուսնացած էր, ուներ մեկ երեխա: Դեպքից 4 ամիս առաջ մահացել էր նրա հայրը` Գևորգ Մկրտչյանը: Իսկ մոտ մեկ տարի առաջ մայրը վթարի էր ենթարկվել, արդյունքում` անդամահատել էին ոտքերը: Նշենք նաև, որ Մկրտչյանը բժշկական ծառայություններ իրականացնող «Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրենն էր:

Yerkir.am-ը դեպքի կապակցությամբ փորձեց զրուցել նաև ընկերության համասեփականատիրոջ հետ, ով, սակայն, հրաժարվեց՝ նշելով, որ այժմ ծանր հոգեվիճակում է:

Թե ո՞րն էր Մկրտչյանին սպանելու շարժառիթը,  իրավապահներին պարզել առայժմ չի հաջողվել: Շրջանառվող վարկածի համաձայն՝ ցանկացել են խլել Սերգեյին պատկանող մասնաբաժինը բիզնեսում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 24-ին Մերձմոսկվայի Օբրազցովո գյուղի ավտոլվացման կետի մոտ կրակել են ՀՀ քաղաքացիների վրա: Արդյունքում` Lexus GX ավտոմեքենայում հայտնաբերվել է կրծքավանդակին հրազենային վնասվածք ստացած` 34-ամյա Սերգեյ Մկրտչյանի դին, իսկ նրա ընկերը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկություններով` Սերգեյ Մկրտչյանը դեպքի ժամանակ գտնվել է ավտոլվացման կետում, երբ ավտոմեքենային է մոտեցել անհայտ անձն ու կրակ բացել: Կատարվածը ֆիքսել են տարածքում առկա տեսախցիկները: Մկրտչյանի կրծքավանդակին 4 փամփուշտ է դիպել: Դեպքի վայրից առգրավվել է TT տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտով և 9 մմ տրամաչափի 5 պարկուճով: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: