Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 3-ից բոլոր կինոթատրոններում կցուցադրվի «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգական ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցերանի հեղինակը` Աշոտ Աբրահամյանը, գլխավոր դերերում Մկրտիչ Արզումանյանն ու Իվետա Մուկուչյանն են:
Այսօր Մկրտիչ Արզումանյանը լրագրողներին ասաց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները 2015-ի ամռանն են տեղի ունեցել` Երևանում և Ստեփանավանում:
«Ֆիլմը մի տղայի մասին է, որը տաքսի է վարում: Մեքենան հասարակ մեքենա չէ` տղայի հորից է մնացել` ժառանգություն: Տղայի հայրը տարիներ առաջ «Երազ» գործարանում է աշխատել, և հենց առաջին «Երազ»-ի ստեղծողն է: Մեքենայի նախագիծն ինչ-ինչ պատճառներով չի հաստատվում Մոսկվայի կողմից և չեն ընդունում այն, հայրն էլ այն նվիրում է տղային: Գլխավոր հերոսը` Աղասիկը, իր տաքսիով մի պատմության մեջ է ընկնում, և նրա կյանքը լիովին փոխվում է»,- սցենարը համառոտ ներկայացնելով` ասաց Արզումանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մեքենան հատուկ ստեղծվել է ֆիլմի համար:
Ինչ վերաբերում է Իվետա Մուկուչյանի հետ համագործակցությանը, ապա Արզումանյանը նշեց, որ նրան ընտրել են` խառնվածքը հաշվի առնելով, և մինչ նրա` «Եվրատեսիլ»-ին մասնակցության մասին պարզ լինելը:
«Իվետայի հետ աշխատելով` բացահայտեցի նրան. շատ աշխատասեր է, նկատում էի, որ ամեն օր փորձից հետո գնում է տուն և աշխատում իր վրա: Մենք Skype-ով օրական 2-3 ժամ միասին աշխատում էինք, իսկ վերջում հասկացա, որ ստացել ենք այն, ինչ կուզեի»,- ասաց Արզումանյանը:
Yerkir.am-ի հարցին` որքանո՞վ է ֆիլմը փառատոնային, թե՞ այն զուտ զվարճալի ֆիլմ է, նա պատասխանեց, որ եթե ինչ-որ փառատոնի ներկայացնեին նաև կատակերգական ֆիլմեր, իրենք նույնպես կդիմեին: «Եթե ֆիլմը թարգմանվի ցանկացած այլ լեզվով, անգամ` ճապոներեն, ընկալելի կլինի, և հանդիսատեսը նույն ռեակցիան կունենա, ինչ հայ հանդիսատեսը: Ֆիլմը տարիքային որևէ սահմանափակում չունի, և մենք հատուկ աշխատել ենք, որպեսզի ֆիլմում որևէ գռեհիկ արտահայտություն չլինի»,- ասաց դերասանը:
Արզումանյանի հավաստմամբ` ֆիլմը դիտելուց հետո հանդիսատեսը դրական լիցքեր է ստանալու, քանի որ այն սիրո, նվիրվածության մասին է:
Իսկ թե որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն, Արզումանյանը նշեց, որ չի ուզում բարձրաձայնել այդ մասին, համենայն դեպս, ըստ նրա, ծախսվել է այնքան գումար, որպեսզի կարողանան լավ ֆիլմ ստանալ: