կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-05 16:08
Հասարակություն

Անալոգային հեռարձակումը չի անջատվի, քանի դեռ չի ավարտվել քաղաքացիներին ապակոդավորվող սարքերի տրամադրումը

Անալոգային հեռարձակումը չի անջատվի, քանի դեռ չի ավարտվել քաղաքացիներին ապակոդավորվող սարքերի տրամադրումը

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ 2015 թվականի ամռանից արդեն ՀՀ ողջ տարածքում թվային հեռարձակում իրականացնելու հնարավորություն կա: Նա նշեց, որ հանրապետության տարածքում դեռևս անալոգային հեռարձակումն անջատված չէ, կանջատվի այն պահից, երբ քաղաքացիները ստացած կլինեն թվային հեռարձակման սարքերը, իրազեկված կլինեն անջատման մասին:

«Սարքերի ողջ քանակը տրամադրված է տարածքային կառավարման նախարարությանը: Սարքերի` ամբողջությամբ տրամադրումից հետո լրացուցիչ անգամ կտրվի տեղեկություն, թե երբվանից է անջատվելու անալոգային հեռաարձակումը»,- ասաց Ամալյանը` հավելելով, որ 48 733 սարք է տրվել նախարարությանը, որ բաժանվի բնակչությանը:

Ի դեպ, սարքերից 2000-ը տրամադրվելու են Ղարաբաղի բնակչությանը:

Ամալյանն ընդգծեց նաև, որ նախորդ տարի չի արտադրվել որևէ անալոգային սարք:

«Ռուսաստանն իր համար ընտրել է այլ ժամանակացույց, բայց դա հնարավոր է, եթե նա պատրաստ է ապահովել համապատասխան հեռուստացույցների և հաղորդիչ սարքերի արտադրություն»,- ասաց Ամայանը` հավելելով, որ ՀՀ քաղաքացին շուտով հնարավորություն չի ունենալու ձեռք բերել անալոգային հեռուսացույց, քանի որ այդպիսի հեռուստացույցներ այլևս չեն արտադրվելու: «Դեռևս կա վաճառքում, բայց դրանք պահեստային են` մնացորդներ, կամ էլ ներկրվել են այլ երկրների մնացորդներից»,- ասաց նա:

Ըստ Ամալյանի` բացառությամբ Երևանի, Եղեգնաձորի և Արմավիրի, սկսվել է սարքերի բաժանման գործընթացը:

Նա հավելեց, որ քաղաքացիներն անալոգային հեռարձակման անջատումից առնվազն տասն օր առաջ կտեղեկացվեն, ինչպես նաև, երբ ավարտվի սարքերի տրամադրման գործընթացը, այդ մասին կհաղորդվի: Ամալյանն այդ աշխատանքների ավարտի մոտավոր ժամկետ նշեց մարտի 1-ը: