կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 17:36
Քաղաքական

Այս նախարարությունը ոչ թե պետք է անջատվի-միանա, այլ զարգանա. Ֆելիքս Ցոլակյանն` ԱԻՆ-ի մասին

Այս նախարարությունը ոչ թե պետք է անջատվի-միանա, այլ զարգանա. Ֆելիքս Ցոլակյանն` ԱԻՆ-ի մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարծիքով` իրենց նախարարությունը շատ կարևոր է: «Այսօր աշխարհում տեխնածին աղետները, բնակլիմայական փոփոխությունները շատ կարևորվում են, և այս տեսակետից նախարարության դերն անգնահատելի է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա` խոսելով կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին:

Հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ նախարարությունը չեն միավորում` հաշվի առնելով նաև նախարարի դերն ու մատուցած ծառայությունները, Ցոլակյանն արձագանքեց, որ կարող էին նախարարությունը միավորել, և նախարարը լիներ ինքը:

«Այս նախարարությունը ոչ թե պետք է անջատվի-միանա, այլ պետք է զարգանա, զարգանալու հնարավորություն տրվի` տեխնիկական վերազինման առումով: Ինձ հետ որևէ մեկը նախարարության վերամիավորման մասին չի խոսել»,- ասաց նա:

Հարցին, թե համամի՞տ է վարչապետի այն դիտարկմանը, որ պետական ծառայողները քիչ աշխատավարձ են ստանում, այդ պատճառով էլ հաճախ հրաժարվում են պետական ծառայությունից, Ցոլակյանը պատասխանեց, որ, այո, կա նման բան: «Օրինակ` ծրագրավորողների մասով ասեմ, որ մեր հիմնարկին ծրագրավորող է պետք, բայց մենք չենք կարող նրան տալ այն աշխատավարձը, ինչ կարող է ստանալ մասնավոր գործունեություն ծավալելիս: Բնական է` նա էլ չի ուզենա գալ մեզ մոտ աշխատելու, ու աշխատանքի որակը կընկնի»,- ասաց ԱԻ նախարարը։

Հարցին` եթե մի քանի անգամ պարգևավճար չստանա, կհրաժարվի՞ պետական համակարգում աշխատելուց, Ցոլակյանը հակադարձեց. «Պարգևավճարի համա՞ր եմ աշխատում, չհասկացա»։