կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-09 17:09
Հասարակություն

Ավտովթարի ենթարկված դերասանուհուն վիրահատել են, բայց նա դեռ չի քայլում. անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն

Ավտովթարի ենթարկված դերասանուհուն վիրահատել են, բայց նա դեռ չի քայլում. անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն

Տեղեկացրել էինք, որ հոկտեմբեր 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի էր ունեցել ավտովթար, տուժածներից մեկն էլ դերասանուհի Ջուլյա Սաղաթելյանն էր:

Ավտովթարի հետևանքով  3 ուղևորները /այդ թվում` Սաղաթելյանը/ ընկել էինն ձորը: Երկու ուղևորների վիճակը լավ էր, իսկ Սաղաթելյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դերասանուհին ողնաշարի և ոտքի  վնասվածք էր ստացել: Անհրաժեշտ էր վիրահատություն և 2 մլն դրամ` իմպլանտները ձեռք բերելու համար, ընդ որում` վիրահատությունից էր կախված նրա` քայլել-չքայլելու հարցը:

Yerkir.am-ի հետ զրույցում Սաղաթելյանը նշեց, որ ծանոթ-անծանոթ մարդկանց նվիրատվության շնորհիվ կարողացան վիրահատել ողնաշարը և վնասված ողի փոխարեն իմպլանտ տեղադրել:

«Շատ մարդիկ էին արձագանքել և ցանկանում էին օգնել, ինչի համար շնորհակալ եմ բոլորին: Բժիշկս` օրթոպեդ Կարապետ Մոմջյանը, արեց հնարավորը, որպեսզի վիրահատությունը լավ անցնի և այդպես էլ եղավ: Երախտապարտ եմ նրան: Արդեն մեկ շաբաթից ավելի է` դուրս եմ գրվել հիվանդանոցից, տանն եմ: Հիմա սայլակի օգնությամբ եմ տեղաշարժվում»,- ասաց Սաղաթելյանը:

Ըստ նրա` անհրաժեշտ է կատարել նաև երկրորդ վիրահատությունը` հակավոր է ոտքը վիրահատել և այնտեղ էլ իմպլանտ տեղադրել, որպեսզի կարողանա քայլել:  Սաղաթելյանի ոտքն այժմ գիպսի մեջ է և դեռ երկու ամիս էլ պետք է այդպես մնա:

«Հիվանդանոցից դուրս գրվեցի` այդպես էլ արդեն բուժմանս հետևող վնասվածքաբանի հետ չխորհրդակցելով, թե հետո ինչ պետք է անեմ: Չհասկացա` ինչ տեղի ունեցավ, բայց նա ոչ մի կերպ չէր շփվում մեզ հետ: Նա պիտի ասեր, թե հիմա ինչ է պետք մեզ, բայց վերջին պահին ուղղակի թողեց-գնաց: Վերջին պահին նա «անհետացավ», անկեղծ եմ ասում,  չեմ հասկանում` ի՞նչն է պատճառը, կարծես խուսափում էր մեզնից: Նա անգամ ռենտգենից հետո չեկավ ու չասաց, թե ինչ է պետք անել: Երբ մեզ ասացին, որ արդեն կարող եմ տուն գնալ, մենք փորձեցինք նաև վնասվածքաբանի հետ զրուցել և հետագա անելիքները որոշել: Մի քանի անգամ դիմեցինք նրան, բայց նա ասում էր, թե զբաղված է, ու այդպես էլ չմոտեցավ մեզ: Մենք էլ պետք է դուրս գրվեինք արդեն, չէինք կարող մի քանի օր պառկել` մինչև ինքը կմոտենար մեզ: Տարօրինակ ու անհասկանալի էր նրա պահվածքը»,-ասաց Սաղաթելյանը:

Հիմա դերասանուհու ոտքն անհրաժեշտ է զննել, որպեսզի հետագա անելիքների մասին իմանան, իսկ վիրահատության, այսինքն` իմպլանտի համար անհրաժեշտ է 1 600 000 դրամ:

«Հայաստանում լավ մասնագետներ կան, վստահ եմ, որ մեկն իր վրա կվերցնի վիրահատության գործը: Հիմա ինձ բժիշկ է պետք, ով ոտքս կվիրահատի, որպեսզի կարողանամ քայլել: Վիրահատության գումարն էլ չունեմ… Աստված մեծ է»,- ասում է դերասանուհին:

Նրանք, ովքեր կցանկանան օգնել դերասանուհուն, կարող են կապ հաստատել նրա մայրիկի՝ տիկին Լաուրայի հետ /հեռ. 055.90.30.08/: