| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբեր 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի էր ունեցել ավտովթար, որի տուժածներից մեկն էլ դերասանուհի Ջուլյա Սաղաթելյանն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Սաղաթելյանը նշեց, որ վթարի հետևանքով իրենք` 3 ուղևորներով, ընկել են ձորը: Մյուս երկու ուղևորների վիճակն արդեն լավ է, իսկ Սաղաթելյանն այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ:
«Մյուսները մոտ 50 մետր գլորվել էին ձորը, ես ավելի շատ` 200 մետրից ավելի: Նրանց ավելի շուտ գտան, իսկ ինձ ձայնիցս են գտել: Ողնաշարի և ոտքի վնասվածք եմ ստացել, որն անհրաժեշտ է վիրահատել. 2 մլն դրամ է անհրաժեշտ` իմպլանտները ձեռք բերելու համար: Դեպքը, բնականաբար, անսպասելի տեղի ունեցավ, ես էլ այդքան գումար չունեմ»,- ասաց դերասանուհին:
Նա նշեց նաև, որ դրամահավաքի միտքը հանկարծակի է ստացվել` ֆեյսբուքյան գրառում է արել, որից հետո մի շարք մարդիկ արձագանքել են: «Ուզում էին օգնել, և նրանց համար միևնույն էր` մասնագիտությամբ ով եմ, ուղղակի որպես մարդ էին ուզում օգնության ձեռք մեկնած լինել»,- ասաց դերասանուհին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանն էլ հայտնեց, որ Սաղաթելյանի վիճակը կայուն է, տեղափոխել են պալատ` վիրահատության պատրաստվելու համար:
Մուրադյանը հույս է հայտնում, որ վիրահատությունից հետո Սաղաթելյանը կարող է քայլել, իսկ 2 մլն դրամն անհրաժեշտ է մետաղական կոնստրուկցիաները գնելու համար: Դերասանուհին նշեց, որ իր բժիշկը՝ վնասվածքաբան-օրթոպեդ Կարապետ Մոմջյանը, այսօր երկու աղջկա նման վիրահատություն է արել, երկուսն էլ հաջող են ավարտվել: «Հույս ունեմ, որ իմ բախտն էլ կբերի»,- ասաց նա:
Նրանք, ովքեր կցանկանան օգնել դերասանուհուն, կարող են կապ հաստատել նրա մայրիկի՝ տիկին Լաուրայի հետ /հեռ. 055.90.30.08/: