Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյայի նիստում, ուր քննարկվում էր մի քանի ԲՀԿ-ական պատգամավորների կողմից տոնացույցում Երիտասարդների օր ամրագրելու նախագծին, ելույթի համար գրանցվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նրա ելույթը, սակայն, վերաբերում էր երեկվա հանրաքվեին: Նա դասադուլի կոչ արեց երիտասարդներին: Նշենք, որ նրա ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անջատել տվեց նրա խոսափողը:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ում այնքան էին զայրացրել Զարուհի Փոստանջյանի ծայրահեղական կոչերը, որ որոշեց խոսել ոչ թե քննարկվող հարցի մասին, այլ արձագանքել Զարուհի Փոստանջյանին: «Բոլորս շատ լավ հիշում ենք, որ Դուք` որպես երիտասարդ խոստումնալից քաղաքական գործիչ քաղաքական զարգացումների ու շարժումների թոհուբոհում հեռացաք ԱՄՆ: Լավ արեցիք` գնացիք, որովհետև գնացել էիք` սովորելու: Ես դա ողջունում եմ: Եթե ուզենաք սովորել, բաց չթողնեք առիթը, որովհետև էլի սովորելու բան ունեք: Բայց Դուք մեր երիտասարդներին կոչ եք անում դասադուլ անել: Դուք գնաք ԱՄՆ, սովորեք, Ձեր կրթությունն ապահովեք, իսկ Հայաստանում սովորող երիտասարդներին փորձում եք օգտագործել` որպես թնդանոթային միս, որպես մարդկանց զանգված, որոնց ուզում եք բերել հրապարակ` Ձեր անուշ քաղաքական ձեռնարկին երկրորդ կյանք տալու համար: Որքանո՞վ եք ազնիվ` գնաք, դրսում սովորեք, վայելեք, Սահակաշվիլու հետ նկարվեք, իսկ էստեղի էրեխեքին ուզում եք դասերից կտրել, ապագայից կտրել, տանել հրապարակ, որ նրանք Ձեզ ուժ տան: Որովհետև, վամպիրությունից բացի, այլոց էներգիան խլելուց բացի, ոչ մի ռեսուրս չունեք:
Ձեր էքսցենտրիկ պահվածքով գրեթե մոտեցել եք տխրահռչակ սկանդալային համբավ ունեցող, սկանդալային «Ֆեմեն» խմբին, որը հայտնի է իր ակցիաներով, երբ հայտնվում են տարբեր մասսայական տեղերում ու տարբեր բաներ են բացում: Նման եք «Փուսի Ռայթ»-ին, որ մտնում են եկեղեցի ու սրբապղծություն անում: Մի\' արեք նման բաներ, Դուք լուրջ կին եք, ինտելեկտ ունեք, երեխաներ ունեք:
Գնացիք` ինչ-որ բաներ այրեցիք, իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նույն հանրապետականները որոշեն նմանատիպ ակցիա անել, մտնեն կանացի հագուստի խանութ, մի մանեկեն գնեն, զարդարեն Ձեր տեսքով` Ձեր շորերի նման, ու դնեն` այրեն: Ձեր մակարդակը գուցե սա է, բայց մեր մակարդակը սա չէ: Բայց մի\' ստիպեք մարդկանց անել քայլեր, որոնք պարզապես ճարահատյալ են, որովհետև Դուք չարաշահում եք ոմանց բարեկրթությունը:
Փողերից եք խոսում, երեկ ամբողջ օրը ՀԱԿ-ը բողոքում էր, որ «Ժառանգության» ձայները ծախված են հանձնաժողովում, կարո՞ղ ենք ճշտել` Ձե»զ են գնացել այդ փողերը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Երիտասարդների մեջ ատելություն մի\' սերմանեք: Նրանք նույն երեխաներն են, որոնք ապրելու են այս երկրում` առանց ինձ և առանց Ձեզ: Ջահելության մեջ խտրականություն մի\' մտցրեք` ասելով` ով «այո» է քվեարկել` ստրուկ է, իսկ «ոչ» քվեարկողները հերոս են, որովհետև Դուք հետո գնում եք Ձեր պուպուշ կուրսերին, իսկ էդ երիտասարդները կուրսերում սկսում են իրար արյուն թափել: Դուք չեք սուր ելույթ ունեցողը, որովհետև սուր ելույթը դա ինտելեկտն է: Մանրադրամ մի\' սարքեք այս ամբիոնը»,- ասաց Աշոտյանը: