Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի անփառունակ ելույթներից հետո ֆուտբոլային կրքերը Հայաստանում դեռևս չեն հանդարտվել: Հատկապես՝ ընտրական փուլի վերջին խաղում՝ սեփական հարկի տակ Ալբանիայից կրած պարտությունից հետո երկրպագուների կողմից քննադատության մեծ ալիք բարձրացավ: Կրակն ավելի բռնկվեց, երբ սերբական մամուլը հայտնեց՝ իբրև խաղը վաճառված է եղել Հայաստանի հավաքականի կողմից: Չնայած այս ամենին՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լռում էր:
Հայրապետյանն այս ամենի մասին սկսեց խոսել միայն ՖԱՖ-ի` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջից հետո: «Ազատության»-ը տված հարցազրույցում նա հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ՝ հավաքականի ֆուտբոլիստներին մեղադրելով դավաճանության մեջ: «Կարծում եմ, որ իրականում եղել է դավաճանություն, և մեր գործն է, որ դա բացահայտենք և այդ մարդկանց անունները հրապարակենք։ Դա իմ անձնական գործն է։ Ուղղակի մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում եմ՝ կլինեն: Ես դա հասկացա խաղը սկսվելուց արդեն կես ժամ հետո»,- ասել էր Հայրապետյանը:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ միայն հիմա Հայրապետյանը սկսեց խոսել այդ մասին, երբ խաղից անցել է մեկուկես ամսից էլ ավելի ժամանակ: Արդյո՞ք որևէ մեկը կարող է հավատալ, որ նա, իմանալով «դավաճանության» մասին, կարող էր լռել այսքան ժամանակ, նույնիսկ՝ ֆուտբոլիստների հետ այս թեմայով խոսակցություն չունենալ: Զարմանալի է, որ ՀՖՖ նախագահն այս մասին խոսեց միայն իր հրաժարականի մասին պահանջներ լսելուց հետո: Չի բացառվում, որ այս կերպ Հայրապետյանը փորձում է շեղել ֆուտբոլային հանրությանը իր հրաժարականի պահանջից:
Զարմանալի է նաև այն, որ Հայրապետյանի այդ հայտարարությունից հետո ՈւԵՖԱ-ն դեռևս չի արձագանքել, այնինչ՝ նման ուշագրավ հայտարարությունն առաջնահերթ պետք է գրավեր եվրոպական գլխավոր ֆուտբոլային կազմակերպության ղեկավարների ուշադրությունը։ Ալբանիայի հետ խաղից հետո, ի պատասխան սերբական կայքերից մեկի հարցմանը, ՈւԵՖԱ-ն պատասխանել էր. «Եթե մենք նկատենք կասկածելի ու արտասովոր ինչ-որ բան, ապա անմիջապես կսկսենք հետաքննություն»։ Ստացվում է, որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հայտարարությունը հիմք չէ ՈւԵՖԱ-ի համար՝ կասկածելի և արտասովոր ինչ-որ բան նկատելու:
ՀՖՖ նախագահի սենսացիոն հայտարարությունից հետո չուշացավ նաև հավաքականի ֆուտբոլիստների արձագանքը: Ինչ խոսք, դա շատերի համար էր անսպասելի՝ հաշվի առնելով Հայրապետյանի «նրբանկատ» հարաբերություններն ու շփումը ֆուտբոլիստների հետ: Թե ինչ մթնոլորտ է տիրում այդտեղ, թերեւս շատերի համար գաղտնիք չէ: Այսպես՝ ֆուտբոլիստների տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա, և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու: Մեր հավաքականում միշտ եղել է և հիմա էլ միասնական մթնոլորտ է: Հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ հավաքականի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով»:
Ուշադրություն դարձրեք հատկապես այս մտքին` հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ հավաքականի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով: Իհարկե, ՀՖՖ նախագահի նման հայտարարությունից հետո ավելորդ է խոսել հավաքականում տիրող մթնոլորտի մասին, քանի որ սեփական երկրի պատիվը պաշտպանող ֆուտբոլիստների վրա անհիմն կերպով դավաճանի պիտակ փակցնելը, անկասկած, իր բացասական ազդեցությունը կունենա ոչ միայն հավաքականում տիրող մթնոլորտի, այլ նաև ֆուտբոլիստների բարոյահոգեբանական վիճակի վրա: Այդ պարագայում թերևս դժվար չէ հասկանալ թե ով է իրական «դավաճանը», և ում պատճառով է հավաքականում տիրում վատ մթնոլորտ:
Ե. Հ.