Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ահաբեկչություն, սպանություն, դիվերսիա… Վերջին տարիներին լրահոսում ամենից հաճախ հանդիպող բառերը, որոնք, նետի արագությամբ հասնելով լսարանին, առաջին իսկ պահից խուճապ են առաջացնում: Այն, ինչ երեկ մատուցեց հայտնի կայքերից մեկը, համակցելով «արտակարգ», «արտառոց, «առեղծվածային» և մարդկանց անհանգստացնող այլ բառեր, իսկական հարված էր իրականության զգացումից թույլ հայկական լսարանի համար: Հնարավոր ահաբեկչության վախն ավելի խորացրեց տեղեկատվական քաղցը, երբ լրատվամիջոցներն ու ընթերցողները սպասում էին պաշտոնական տեղեկատվության: Իսկ պաշտանական հաղորդագրությունը չի կարելի ասել, թե ուշացած էր, մանավանդ, եթե իսկապես գործ ունենք մի տեղեկատվության հետ, որը պետք է ճշգրիտ և փաստարկված ներկայացվի:
Օգտվելով հենց այդ տեղեկատվությունից և վերլուծելով վնասազերծված խմբի անդամներին վերաբերող տվյալներն ու ներկայացված այլ փաստեր` առաջ քաշենք դեպքերին և դրանց հետագա ընթացքը կանխատեսող մի քանի վարկածներ:
Տարբերակ 1. «Վարդանանց մեծն իշխանը»՝ Հայաստանի փրկի՞չ
Վնասազերծված խմբի ղեկավար` 34-ամյա Արթուր Վարդանյանը Արցախյան ազատամարտի մասնակից Վալերի Վարդանյանի որդին է, 1997 թվականից բնակվել է Իսպանիայում և միայն այս տարվա ապրիլից է ժամանակավոր բնակություն հաստատել Երևանում: Նա «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավարն է, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել Վարդանանց Իշխան (Մեծն) կեղծանունով: Համացանցում առկա տեսանյութերից մեկում նա հայտարարում է, որ իր ստեղծած գունդը մասնակցում է Քեսաբի մարտերին: Այս տեղեկատվությունը, սակայն, մինչ այժմ չի հաստատվել:
Արթուր Վարդանյանը հարցազրույցներում խոսում է ներքին ու արտաքին թշնամիների մասին: «Եթե ես նույնիսկ ՀՀ միակ քաղաքացին լինեմ, որ պետք է բարձրանա սարերը եւ մենակ պայքարի ներքին թշնամու դեմ, կբարձրանամ մենակս: Մեկ փամփուշտ կվերցնեմ, կբարձրանամ սարերը, կկռվեմ»,- հարցազրույցներից մեկում ասել է նա:
Խմբի անդամներից շատերի ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել հայրենասիրական բնույթի գրառումների ու լուսանկարների: Խմբի աղջիկներից մեկի էջում էլ մի քանի զենքերի լուսանկարներ կան: Այն, որ համացանցում հաճախ կարելի է հանդիպել նմանատիպ լուսանկարներով էջերի, ինչ-որ տեղ բնական է: Կասկածելի է և վտանգավոր այն հանգամանքը, որ խմբի վարձակալած տանից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում` հակատանկային նռնականետներ: Մեր տեղեկություններով՝ տանը՝ խուզարկության ժամանակ Արթուր Վարդանյանը հայտարարել է, որ այդ զենքերը պետք է Ղարաբաղ ուղարկեին, իսկ խմբի անդամներից մեկն էլ ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ Ղարաբաղ է գնալու՝ կռվելու:
Մի պահ ընդունենք, որ նրանց ասածները ճիշտ են, և մենք գործ ունենք հայրենասերների խմբի հետ, որը պատրաստ է հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերել: Երկար տարիներ դրսում բնակվող հայի համար հայաստանյան լրահոսին ծանոթանալը բավական է, որ տպավորություն ստանա, որ սահմանին ամեն օր մարտեր են, առաջնագծում դիվերսիոն փորձեր, զինվորներ են զոհվում և այլն, այսինքն` պատերազմական իրավիճակ է: Եվ Արթուր Վարդանյանը, ով նոր է վերադարձել սիրիական պատերազմից և Քեսաբի մարտերում ակտիվ մասնակցություն է ունեցել, հավանական է, որ իրականությունն ու արկածախնդրությունը խառնած անձնավորություն է, ում համար տանը զենք պահելը հացի ու ջրի պես անհրաժեշտ բան է, և ով ամեն վայրկյան սպասում է, որ ուր որ է Հայաստանում պատերազմ կսկսվի, ու ինքը հնարավորություն կունենա իր ստեղծած կամավորական գնդով պաշտպանելու երկրի սահմանները:
Տարբերակ 2. Նոր ԱՍԱԼԱ՞, թե՞ չստացված «Հայոց Վահան»
«Հայոց Վահան» կազմակերպության լոգոյում պատկերված է պատմական Մեծ Հայքի և Կիլիկյան Հայաստանի ամբողջական քարտեզը՝ մեջտեղում զենքը վեր պարզած մարդ, ձախ անկյունում էլ`շարժման զինանշանը՝ Եռագույնի վրա երկու սուր ու առյուծներ: Զինանշանի վերևում էլ առկա է «Հայոց պաշտպանության ազատամարտիկներ» գրությունը: «Հայոց Վահան»-ի լոգոն շատ նման է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի լոգոյին, և չի բացառվում, որ ստեղծվել է հենց դրա նմանությամբ:
Այսօր ԱՍԱԼԱ-ն, որպես կառույց, գրեթե կազմալուծված է, երբեմն-երբեմն նրա անունից հանդես եկող ինչ-որ անձինք հայտարարություններ են անում, որոնք հանրության շրջանում լուրջ չեն ընկալվում: Չի բացառվում, որ «Հայոց Վահանը» նպատակ է ունեցել ստանձնել ԱՍԱԼԱ-ի դերը՝ իր շուրջը համախմբելով համակիրների ստվար զանգված, և իրագործել «Հայաստանի ազատագրման» իր տեսլականը: Սակայն, եթե ԱՍԱԼԱ-ն իր գործունեության ընթացքում հիմնականում ընդհատակյա գործունեություն է ծավալել, ինչն էլ եղել է նրա հաջողության հիմնական գրավականը, ապա «Հայոց Վահան»-ն ի սկզբանե գործել է հրապարակային՝ արկածախնդիր ելույթներով ու հայտարարություններով մատնելով իր գաղափարների անիրատեսական և վտանգավոր լինելը:
Տարբերակ 3. Նաիրի Հունանյանի ռոմանտիզմի կրողը
Հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը համացանցում հաճախ հանդես է եկել Հայաստանը ներքին թշնամիներից՝ իշխանություններից, ազատագրելու հայտարարություններով: Հարցազրույցներից մեկնում նա խոսում է արտագաղթի, կաշառակերության, Մարտի 1-ի մասին: Վարդանյանը բողոքում է` ինքներս մեզ կոտորում ենք, միացյալ չենք, ունենք կաշառակեր, անգրագետ մարդիկ, որոնք երկու բառ չեն կարողանում կապել, նստած լափում են: «Երբ որ փամփուշտդ վերջանում է, վերցրու դաշույնդ, եթե դաշույնդ էլ չի աշխատում, քար վերցրու, եթե քարն էլ չի աշխատում, ուրեմն ձեռքերով, եղունգներով փորձիր: Այն մարդիկ, ովքեր կազմակերպեցին, շատ լավ գիտեին` ինչ են անում. հենց 2008-ին 120 հազար հայ գաղթեց: Էս ամեն ինչին պետք է վերջ դրվի մեկընդմիշտ ու մեկ հարվածով»,- հարցազրույցներից մեկում ասել է նա:
Ամեն ինչին մեկ հարվածով վերջ դնելու դառը փորձը Հայաստանն ունեցել է 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ երկիրը ներքին թշնամուց ազատագրելու ռոմանտիզմով տոգորված Նաիրի Հունանյանի օրինակով: Եվ եթե մի պահ պատկերացնենք, որ «Հայոց Վահանի» անդամներին ոգեշնչել է հենց այս կերպարը, իսկ Վարդանյանի շուրջը համախմբված մարդիկ այնքան միամիտ են, որ նրանց հեշտությամբ կարելի է ուրիշի նպատակներին ծառայեցնել, ապա… Եկեք` այդպես էլ չպատկերացնենք այն, ինչը մեր՝ սովորական մահկանացուներիս երևակայության սահմաններում չի տեղավորվում: Դա թողնենք «Մեծն իշխաններին» կամ իրենք իրենց «Հայոց պաշտպանության ազատամարտիկներ» հռչակած ինքնիշխաններին…
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ