Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 30-ին մեկնարկած «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության ընթացքում անցկացված համատեղ վարժանքներին և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործողություններին հոկտեմբերի 3-ին հետևել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Դենիս Տիխոմիրովը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ մարզումների ընթացքում անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման, հակամարտող կողմերի տարանջատման և չեզոք գոտու ստեղծման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, խաղաղապահ ռազմավարական կարողությունների զարգացման գործնական պարապմունքներ:
«Բաղրամյան» զորավարժարանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ընդգծելով զորավարժությունների անցկացման կարևորությունը, նշել է. «Աշխարհի մի շարք «թեժ կետերում» իրավիճակն ակնհայտորեն լարված է, և անհրաժեշտ է խաղաղապահ ուժերի կիրառումը: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործնական հմտությունների զարգացումը միտված է հնարավոր խաղաղապահ գործողությունների նախապատրաստմանը: ՀԱՊԿ-ն պետք է մշտապես պատրաստ խաղաղապահ ուժերի կիրառմանը»:
ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ. դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն:
Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ: