Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը մտավ խորհրդակցական սենյակ՝ քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի գործով վճիռ կայացնելու:
Մինչ այդ պաշտպանական ճառով հանդես եկավ Ղազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ մեղադրող դատախազն իր պաշտանյալի նկատմամբ աննախադեպ պատիժ է առաջարկել: Սարգսյանի խոսքով՝ իր պաշտպանյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, նախկինում դատապարտված չի եղել, խնամքի տակ ունի երեք անչափահաս երեխաներ:
«Արթուր Ղազարյանը բնութագրվում է դրական, մարդասեր, վայելում է հասարակության հարգանքը, բարեգործությունների համար արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի, մասնավորապես` Տավուշի մարզի շուրջ 50 կարիքավոր և զոհված ազատամարտիկների երեխաների մկրտությունն իրականացնելու համար արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու օրհնությանը, հայրենի գյուղի դպրոցի վերանորոգման, ինչպես նաև գրենական պիտույքով ապահովելու համար արժանացել է շնորհակալագրի և այլն»,- թվարկեց Երեմ Սարգսյանը:
Ըստ պաշտպանի՝ Ղազարյանը նաև ֆիզիկապես անառողջ է և ներկայումս գտնվում է նյարդաբույժի հսկողության տակ, բացի այդ` փակ տարածությունից վախ ունի: Այսպիսով` պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նվազագույն պատիժ նշանակել, որն էլ պայմանականորեն չկիրառել:
Դատավորը, օրենքով սահմանված կարգի համաձայն, վերջին խոսքի իրավունք տվեց ամբաստանյալին: Ի պատասխան, քրեական հեղինակությունն ասաց. «Ես ո՞վ եմ, որ բան ասեմ, ասողն էլ եք Դուք, չասողն էլ»:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Վահե Ասատրյանը Ղազարյանի համար պահանջել էր 1 տարի 6 ամիս ազատազրկում: Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով` հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9 մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 17 փամփուշտ ձեռք բերելու և կրելու համար: Դրանք նրա մոտ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: Քրեական հեղինակություն Տույը կալանավորվել է հուլիսի 13-ին եւ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում:
Դատարանը դատավճիռը կհրապարակի սեպտեմբերի 5-ին: