կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 10:44
Հասարակություն

«Յունիբանկ»-ը հաջողությամբ շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը

«Յունիբանկ»-ը հաջողությամբ շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը

«Յունիբանկ» ԲԲԸ-ն շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որն ուղեկցվում է լայն մարքեթինգային արշավով: Հիշեցնենք, որ «Յունիբանկը» առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնելու է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի բաժնետոմսեր, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀ դրամ` բանկի կապիտալի մոտ 10%-ը: Միջոցներն ուղղվելու են ՓՄՁ-ների և սպառողական վարկավորման ծավալների ընդլայնմանը:

Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ: Բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, հասարակության և ներդրողների վստահությունը փաստում են, որ «ժողովրդական» բանկ դառնալը «Յունիբանկի» համար ժամանակի հրամայականն է: Այսօր բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում: Մոսկվայում (ՌԴ) գործում է բանկի ներկայացուցչությունը: 30.06.2015թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 165 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 20,8 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները` 109 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 144 մլրդ ՀՀ դրամ: «Յունիբանկում» սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 274 000-ը:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն: Նշենք նաև, որ «Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները: Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը տեղադրված է բանկի կայքում` www.unibank.am: