կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 17:30
Մշակույթ

ՀՊԵՆ-ը և Արա Մալիկյանն Իսպանիայում հանդես են եկել համերգով, որին հնչել է «1915»-ը

ՀՊԵՆ-ը և Արա Մալիկյանն Իսպանիայում հանդես են եկել համերգով, որին հնչել է «1915»-ը

Ավստրիայի հեղինակավոր «Բրուքներֆեստ» միջազգային փառատոնում և Վիեննայի «Մյուզիքֆերեյն»-ում ելույթներ ունենալուց հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական կանգառն Իսպանիան էր։ Երիտասարդական նվագախումբը, մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երկու համերգով հանդես է եկել աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի հետ, ով առաջադրվել է լատինաամերիկյան «Գրեմմի» մրցանակի:

Սեպտեմբերի 25-ի ելույթը կայացել է իսպանական Սարագոսայի «Մոցարտ» համերգասրահում, իսկ սեպտեմբերի 26-ի համերգը՝ Մադրիդի Թագավորական թատրոնում։ Նշենք, որ համերգների տոմսերը ելույթից դեռ շաբաթներ առաջ սպառվել էին։ Երաժիշտներն արժանացել են հանդիսատեսի աննախադեպ ընդունելությանը։ Հնչել են Խաչատրյանի, Մենդելսոնի, Պագանինիի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, կատարումներ «Լեդ Զեփելինի» ռեպերտուարից։

Երաժիշտները կատարել են Արա Մալիկյանի «1915» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ընդ որում` «1915» գործը գրված էր հենց այս համերգների համար։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ նվագախմբի և իր՝ որպես դիրիժորի համար շատ հետաքրքիր է աշխատել Արա Մալիկյանի նման ինքնատիպ արտիստի հետ։

Արա Մալիկյանը ծնվել է Բեյրութում, ուսանել է Լոնդոնում, այժմ բնակվում է Մադրիդում։ Նա վիրտուոզ ջութակահար է՝ վառ արտահայտչականությամբ։ Թողարկել է մի քանի տասնյակ ձայնասկավառակ։ Նրա ջութակը երաժշտական աշխարհում ամենաօրիգինալ և նորարարական ձայներից է։ Մալիկյանը հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, տարեկան ունենում է ավելի քան 450 համերգ աշխարհի մոտ 40 երկրում:

Սերգեյ Սմբատյանը նշել է, որ 2016-ին փորձելու են  Արա Մալիկյանին Հայաստան հրավիրել, քանի որ նա հայ ժողովրդի հերոսներից է: «Մենք միշտ հայերի ենք փնտրում այլ ազգերի մեջ, բայց մոռանում ենք, որ ունենք իրական հայ հերոսներ, ովքեր աշխարհում մտածելակերպ են փոխում, ձևավորում հայ մարդու կերպարը Հայաստանի սահմաններից դուրս»,- ասել է դիրիժորը: