կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 18:33
Հասարակություն

Մա՛մ ջան, մենք քեզ սպասում ենք. ոսկու շուկայի կորած աշխատակցուհու երեխաները դիմում են մորը

Մա՛մ ջան, մենք քեզ սպասում ենք. ոսկու շուկայի կորած աշխատակցուհու երեխաները դիմում են մորը

Օգոստոսի 21-ին ոսկու շուկայից դուրս եկած և անհայտ կորած Նելլի Հարությունյանի ամուսինը՝ Արտակ Հարությունյանը, yerkir.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսեց կնոջ անհետացման մասին: Անիմաստ էր հարցնել, թե ինչ վիճակում է նա, ինչ է զգում: Նրա ապրումների մասին խոսում էին շարժուձևը, լռությունը…

Կորած կնոջ մասին խոսելիս ամուսինն առաջինը շեշտում է, որ կինն իր համար սրբություն է, նրա մասին խոսում է միայն ներկա ժամանակով, անընդհատ նայում հեռախոսին այն սպասումով, որ ուր որ է զանգ է ստանալու: Արտակը կարդում է կնոջ մասին գրված ցանկացած հրապարակում և արդեն հասցրել է կարծիք կազմել լրատվամիջոցների մասին:

Նա իր գոհունակությունն է հայտնում կնոջ անհետացման գործը քննող քննիչներին: «Մարդիկ օր ու գիշեր չեն քնում: Ես տենց բան չէի տեսել, ես առաջ այլ կերպ էի մտածում նրանց մասին, բայց հիմա … »,- ասաց մեր զրուցակիցը:

Արտակ Հարությունյանը բարձրագույն կրթություն ունի, զինվորական է: Նա ու Նելլին երկու երեխա ունեն, մեծն արդեն ուսանող է, փոքրը 10 տարեկան է: Ասում է` կնոջ հետ ընկերոջ պես է, իսկ իր եղբայրները կնոջը քրոջ պես են վերաբերվում: Արտակի խոսքով՝ ընտանիքում մշտապես իշխել է սերը, համերաշխությունն ու փոխադարձ վստահությունը: Իսկ ոսկու շուկայում երկար տարիներ է, ինչ սեփական բիզնեսն ունեն, այդտեղ երբևէ էական խնդիրներ չեն եղել:

Արտակը խոստովանում է, որ կյանքում շատ փորձությունների միջով է անցել, բայց այս մեկը… «Ես զգում եմ, որ վատ բան չի եղել, բայց զգալը շատ քիչ է»,- ասում է նա ու հավելում, որ ինքը կնոջ անհետացման երկու տարբերակի շուրջ է մտածում:

«Մեկը` որ ինչ-որ ֆինանսական հարցեր են եղել, որ ինքը ինձ չի ուզում ասել, կամ` գուցե նեղացել է ինձնից… Ինքը շատ խելացի կին է, գարանտիա ունենալով, որ իմ երեխաներին նայող կա, նման քայլի է գնացել: Կոպիտ օրինակ բերեմ, եթե ինձ հետ այսօր մի բան լինի, իմ ախպերները, իմ մայրը երեխեքին կմեծացնեն, այսինքն` ինքը վստահ է եղել, որ երեխեքին նայող կա: Հնարավոր է` ինչ-որ բան կա, ինքն ինչ-որ բանից վատ է զգում, բայց ինչ էլ եղած լինի, մենք իրեն սպասում ենք: Երկրորդ տարբերակի մասին չեմ ուզում մտածել, որովհետև, եթե ես ուզում եմ կնոջս առողջ գտնել, պետք է միայն առաջին տարբերակի շուրջ մտածեմ»,- ասաց Արտակը:

Նելլիի վերադարձին անհամբեր սպասում են նաև նրա երեխաները, ովքեր մեր միջոցով դիմում են Նելլիին. «Մա’մ ջան, մենք քեզ շատ ենք սիրում ու սպասում ենք…»:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ