կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-16 18:05
Քաղաքական

Գագիկ Խաչատրյանը հերքեց իր եւ վարչապետի հայտարարությունների հակասությունը

Գագիկ Խաչատրյանը հերքեց իր եւ վարչապետի հայտարարությունների հակասությունը

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: «Վարչապետը բերեց վիճակագրական թվեր և խոսեց չորսուկես տոկոս տնտեսական աճի մասին, բայց դրան անմիջապես հետևեց ֆինանսների նախարարի հակասական հայտարարությունը: Չնայած վիճակագրությանը, այնուամենայնիվ, բոլոր ուղղություններով նկատվում է անկում, իրական վիճակն այդպիսին չէ` վատ է: Ուզում եմ հանրության հետ մեկտեղ հասկանալ` եթե սրանից առաջ վիճակն ավելի լավ էր բոլոր ուղղություններով, այսինքն` շրջանառությունն ավելի մեծ էր, պետական եկամուտներն ավելի շատ էին, պետբյուջեն պետք է համալրվեր ավելի լավ և արդյունավետ, բա էդ դեպքում ո՞ւր են այդ գումարները, ո՞ւր են գնացել Ձեր պաշտոնավարման բազմաթիվ տարիների ընթացքում, եթե վիճակագրությունն այլ բան է ասում»,- հարցրեց պատգամավորը:

Ուրիխանյանի հարցադրմանն ի պատասխան` ֆինանսների նախարարը նշեց. «Սկսեմ նրանից, որ վարչապետի հայտարարության և իմ ասածի միջեւ ոչ մի հակադրություն պետք չէ փնտրել: Հարցը քննարկվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում: Բնականաբար, մասնագետներից շատերի համար գաղտնիք չէ, որ ՀՆԱ-ի աճի տեմպերը հարկային մուտքերի վրա չեն անդրադառնում»:

Նախարարը հայտարարեց նաև. «Ինչ վերաբերում է նրան, թե իմ պաշտոնավարման տարիներին ուր են գնացել գումարները, նշեմ, որ իմ պաշտոնավարման տարիներին եկամուտներն աճել են: Ինչի՞ չեն ավելանում հարկերը: Իմ պաշտոնավարման տարիներին մենք հինգ հարյուր միլիարդից հասել ենք մեկ տրիլիոնից ավելիին»:

Խաչատրյանի խոսքով` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ներմուծման աճի կտրուկ փոփոխության պայմաններում, մենք չենք կարող ակնկալել ավելի մեծ եկամուտ, քան ներկայումս ունենք: «Ներքին դաշտի հետ կապված` մենք պատրաստ ենք ցանկացած տեղեկատվություն ներկայացնել ցանկացած պատգամավորի: Երբ վերլուծում ենք, աշխարհի տարբեր երկրներում նույն տենդենցը կա, և հակադրություններ ստեղծել պետք չէ»,- ասաց նախարարը: