Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանն ու Հայաստանը քաղաքական ու ռազմավարական դաշնակիցներ են, բայց լինում են պահեր, երբ այդ շահերը չեն համընկնում, բնականաբար, Ռուսաստանը պիտի շարժվի իր շահերով. Yerkir.am-ի հետ զրուցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Ռուսաստանն ունի իր շահերը Հարավային Կովկասում, ուստի ուզում է իր ազդեցությունն ունենալ և\' Հայաստանի, և\' Վրաստանի, և\' Ադրբեջանի վրա: Ռուսաստանը չէր կարող սարքել պատերազմը, բայց չի բացառվում, որ հայ-ադրբեջանական հակադրությունն այդ պահին Ռուսաստանի շահերից բխեր, որպեսզի կարողանար երկու կողմի վրա էլ իր ազդեցության ոլորտը ուժեղացնել: Ռուսաստանի շահերից այդ պատերազմը բխում էր այնքանով, որ գուցե այդ պահին նրան ձեռնտու էր հայ-ադրբեջանական հակամարտությունը»,-ասաց պատգամավորը:
Նա կարծիք հայտնեց, որ ոչ թե հակադրվում են հայերն ու ռուսները, այլ երբ Ռուսաստանի շահը Ադրբեջանի հետ համընկնում է, որոշակի փոփոխություններ է մտնում հայ-ռուսական հարաբերություններում:
«Ռուսաստանն իր շահերով է առաջնորդվում, սակայն 70 տարի ու դրանից առաջ էլ հայերն ու ռուսները միշտ բարեկամական հարաբերությունների մեջ են եղել, և դա այդպես էլ շարունակվելու է: Պատմության մեջ եղել են ու էլի լինելու են պահեր, որ, իրավիճակից ելնելով, այդ հարաբերությունները դեֆորմացվեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա` մենք պետք է ավելորդ ակնկալիքներ չունենանք Ռուսաստանից, պետք է հասկանանք, որ Ռուսաստանն ունի իր շահերը և այդ շահերով էլ առաջնորդվելու է:
Հարցին, թե ՀՀԿ-ում նրան չե՞ն սաստել նման կարծիքի համար, Ալեքսանյանը պատասխանեց. «Կուսակցության արձագանքը շատ սովորական է, այդ առումով` բաց խոսակցություն է գնում, կարծիք է` ասվում է: Ես ինքս միշտ հայ-ռուսական բարեկամության կողմնակիցն եմ եղել, Եվրասիական միության մեջ մտնելու կողմնակիցն եմ եղել, բայց նաև հասկանում եմ, որ Ռուսաստանը միշտ չէ, որ պարտավոր է և պետք է անմիջապես արձագանքի Հայաստանի ամեն մի հակադրությանը այլ երկրների հետ»: