կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-04 12:53
Իրավական

Արմենը Սոչիում գնչու կնոջից թմրանյութ է գնել ու բերել Հայաստան

 Արմենը Սոչիում գնչու կնոջից  թմրանյութ է գնել ու բերել Հայաստան

Արմավիրի  մարզի ընդհանուր իրավասության դատարանի  վարույթ է ընդունվել մաքսանենգությամբ տարբեր տեսակի թմրանյութեր Հայաստան  տեղափոխելու  վերաբերյալ գործը:Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արման  Շառոյանը 2014թ. սեպտեմբերին ՌԴ Սոչի քաղաքում  ոմն գնչու Ռոմայից առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել առանձնապես խոշոր չափի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող թվով 90 հաբեր, խոշոր չափի` 29,46 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև 0,17գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց: Դրանցից բուպրենորֆին տեսակի թմրամիջոցի 15 հաբերը ներարկման եղանակով օգտագործել է Սոչի քաղաքում գտնվելու ժամանակահատվածում, իսկ մնացած 75 հաբերը, մարիխուանա և հաշիշ տեսակի թմրամիջոցները 2014թ. հոկտեմբերի 13-ին մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, իր անձնական գործածման համար, առանց իրացնելու նպատակի, ՌԴ-ից մաքսանենգությամբ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն: Բուպրենորֆին տեսակի թմրամիջոցի 14հաբերն օգտագործել է ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում:

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով 2014թ-ի նոյեմբերի 13-ին  Արման  Շառոյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող «Կրպակ» մթերային խանութի դիմացից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին, որտեղ Շառոյանի անձնական խուզարկությամբ նրա հագուստի գրպաններից հայտնաբերվել է մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափի`  Բուպրենորֆին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով 61հաբերը, խոշոր չափի առանձին փաթեթներով մարիխուանա տեսակի թմրամիջոցը և 0,17 գրամ քաշով հաշիշ տեսակի թմրամիջոցը:
Ըստ նախաքննական մարմնի ՝ Արման  Շառոյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի  2-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով:

Շառոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: