կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-14 15:07
Հասարակություն

Ազատի թաղման օրը նա մեզ փաթաթվեց և ասաց, որ ինքը նոր Ազատ է ունենալու...

Ազատի թաղման օրը նա մեզ փաթաթվեց և ասաց, որ ինքը նոր Ազատ է ունենալու...

Օրեր առաջ ծնվել է հերոս Ազատ Ասոյանի եղբայրը` Նարեկը: 1994թ. ծնված, ՀՀ զինված ուժերի շարքային, ջոկի հրամանատար Ազատ Ասոյանը զոհվել է 2014-ին առաջնագծում՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը հետ մղելիս: Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով:

Այս պատմությունը հուզել է բոլորին, այն բոլորին թվում է ոչ սովորական,  ծայրահեղ խորհրդավոր և չափազանց հուզիչ:

ԱԺ պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով այդ մասին, նախ շնորհավորեց բոլորին հերոսի եղբոր ծննդյան կապակցությամբ: «Շնորհավորում եմ մեր Ազատի մայրիկին: Ուզում եմ ասել` երբ մենք Ազատ Ասոյանի թաղման օրը Եռաբլուրում մոտեցանք նրան` ցավակցելու, նա փաթաթվեց մեզ և ասաց, որ ինքը նոր Ազատ է ունենալու: Աստված այդ ծնունդը պահապան անի, կեցցե այդ ընտանիքը: Ազատի հոգին էլ երկնքում փառավորվի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ սոցիալական ցանցում քաղաքացիների մի նախաձեռնություն պատրաստվում էր այցելել այդ ընտանիքին և նորածնին տանել նվերներ ու նյութական այլ աջակցություն: Հարցին, թե արդյո՞ք նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես կգան նաև իշխանությունները, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ե\'վ մեր պետությունը, և\' մեր հասարակությունը կարողանում է օժանդակել իր հերոսներին և նրանց ընտանիքներին: Ես լավ եմ ճանաչում Ազատի ծնողներին, այնպիսի մարդիկ են, որ նրանք բոլորին կօգնեն: Ֆինանսն այսօր կա, վաղը չկա, ամենահզորը մարդու հոգևոր ուժն է: Այդ հոգևոր ուժը ստիպեց այդ ընտանիքին Ազատի թաղման օրը հպարտորեն խոսել իրենց զավակի մասին և մի տարի հետո հավատի ուժով ազգին զավակ պարգևել: Միայն ուժեղ մարդը կարող էր դա անել»: