կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-11 12:02
Հասարակություն

Ամռանը շաքարային դիաբետով հիվանդների քանակի պիկ է առաջանում

Ամռանը շաքարային դիաբետով հիվանդների քանակի պիկ է առաջանում

Աշխարհում, այդ թվում` նաև Հայաստանում տարեցտարի ավելանում է շաքարային դիաբետով հիվանդների թիվը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում կրկնապատկվել է շաքարային դիաբետով հիվանդների թիվը:

«Օրինակ` 2000-ական թվականներին ամեն տարի 1000 նոր հիվանդ էր գրանցվում, 2010-ին ունենում էինք 2000-3000 հիվանդ, իսկ վերջին տարիներին նոր հիվանդների թիվը հասել է 5000-6000-ի: Հայաստանում  շաքարային դիաբետով 73 000 հիվանդ կա, որոնց մեջ գերակշիռ մաս են կազմում կանայք»,- ասաց Թորոմանյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ հիվանդության աճը պայմանավորված է թե՛ մեր օգտագործած սննդով, թե՛ սակավաշարժությունով և թե՛ ապրելակերպով: Մասնագետի հավաստմամբ` անցած տարի Հայաստանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդների 30-40 տոկոսի մոտ առկա է ճարպակալում, ինչն էլ շաքարային դիաբետի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է:

«Պետք է հրաժարվել արագ սննդից, օգտագործել առողջ և ոչ ճարպոտ սնունդ: Ցավոք, մեր խոհանոցն այնպիսին է, որ գերակշռում են ճարպոտ ճաշատեսակները, այդ դեպքում գոնե պետք է ավելացնել ակտիվությունը և ավելի շատ շարժվել: Ամռանը պիկեր են առաջանում` շաքարային դիաբետով հիվանդների թվի աճի, քանի որ մրգերն անում են իրենց գործը. խաղող, ծիրան, թութ` այս մրգերն անհրաժեշտ է քիչ օգտագործել, իսկ օգտագործելուց հետո քայլել, որպեսզի օրգանիզմը շաքարի ճիշտ օգտագործի»,- ասաց մասնագետը:

Նա նշեց նաև, որ երեխաների մոտ նույնպես ավելացել են շաքարային դիաբետի դեպքերը` Հայաստանում շաքարային դիաբետով 454 երեխա կա:

Ըստ Թորոմանյանի` անհրաժեշտ է տարեկան 1-2 անգամ արյան մեջ ստուգել շաքարի քանակը: «Շաքարային դիաբետի առաջին նախանշաններն են` թուլություն, քաշի ավելացում, գիշերամիզություն կամ հաճախամիզություն, բերանի չորություն… Մեզ մոտ շատ դեպքերում շաքարային դիաբետը հայտնաբերում են, երբ մեկ ուրիշ հիվանդություն է գլուխ բարձրացնում, և մարդիկ նոր գնում են բժշկի»,- ասաց նա:

Ի դեպ, Թորոմանյանը նշեց նաև, որ շաքարային դիաբետով հիվանդներին համապատասխան դեղով ապահովելու համար վերջերս ֆրանսիական դեղ արտադրող ընկերություններից մեկի հետ կնքել են պայմանագիր, և հուլիսի 1-ից արդեն բաժանվում են հիվանդների համար նախատեսված դեղերը: