Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան, երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շրջայց կատարեց Բաղրամյան պողոտայում, նա նաև զրույց ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Այնուհետև հեռացավ` նախ հարցնելով ոստիկանական պատ կազմած ոստիկաններին, թե ինչպես են, ու հավելեց. «Հլը շոգ ա, որ լավ եք, էսա որ շոգն ընկնի, ո՞նց եք լավ լինելու»:
Լրագրողները մոտեցան Նիկոլ Փաշինյանին՝ իմանալու, թե ինչ է զրուցել պատգամավորը Վլադիմիր Գասպարյանի հետ: Պատգամավորն ասաց, որ խոսել են հարբած մարդկանց մասին, ովքեր եղել են ցուցարարների շարքերում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ չէ առաջին օրը ինքը նկատել է ցուցարարների մեջ հարբած մարդու, բայց ցուցարարների մեջ հարբած մարդ չի եղել:
«Գասպարյանն ասաց, որ էն հատվածում վիճակագրությունը մեծ ա եղել` հարբած մարդկանց առումով, ինչը ռիսկ է պարունակում իր մեջ` կոնֆլիկտային և այլն: Որպեսզի ցույցի մասնակիցները ագրեսիվ չարձագանքեն, երբ ոստիկաններ են հսկում: Նա նշեց, որ դա ընդհանուր պրոբլեմ ա, եթե հանկարծ միջադեպ լինի ու սխալ արձագանք ստանա ցուցարարների կողմից»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ երբ նկատել է մարդու, ով ալկոհոլ օգտագործած էր, նրան խնդրել է գնալ տուն և հանգստանալ, ինչը ընդունվել է այդ մարդու կողմից:
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Գասպարյանը խոսել են նաև ցույցի առաջին օրվան հաջորդող ոստիկանական բռնությունների մասին, երբ դրանից տուժել են նաև լրագրողներ, կոտրվել են նրանց տեսախցիկները: Փաշինյանը նրան հարցրել է, թե արդյո՞ք դա հատուկ կազմակերպված չէր: Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրել է, որ ոչինչ կազմակերպված չի եղել, բայց, մյուս կողմից, ինքը չի կարող բոլորին վերահսկել:
«Ես ասացի, որ դա շատ կարևոր է, դա բացասական ազդակ է: Իսկ նա ասաց, որ նշանակվել է ծառայողական քննություն, և ՀՔԾ-ն նույնպես քննություն է անցկացնում, որ լրագրողների վնասված գույքի մի մասը գտնվել է, մի մասը փոխհատուցվել է, որը չի փոխհատուցվել, պետք է փոխհատուցվի»,- ասաց պատգամավորը: