կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-16 16:55
Հասարակություն

Ուռուցքաբանության կենտրոն կատարած այցի ընթացքում նախարարը հիվանդի է վիրահատել

Ուռուցքաբանության կենտրոն կատարած այցի ընթացքում նախարարը հիվանդի է վիրահատել

ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ կենտրոնում իրականացվող բարեփոխումներին: 

Մասնավորապես` վերանորոգվել և այցելուներին նորովի է ներկայանում առաջին հարկում տեղակայված ընդունարանը, որտեղ կատարվում է հիվանդների հերթագրումը: Ընդարձակ սրահներում էլեկտրոնային եղանակով կատարվում է հերթագրում, ամբուլատոր քարտերի բացում, ձևակերպվում է հիվանդության պատմագիրը: 

Այս նորարարությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի խոսքով, հնարավորություն է տալիս խուսափելու հերթերի գոյացումից, ինչը դժգոհություն էր առաջացնում հիվանդների շրջանում: Օրական այստեղ սպասարկվում է ավելի քան 200 այցելու: 

Բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև հիվանդանոցի հարակից տարածքում, վերանորոգվել է աստիճանավանդակը: 

Արմեն Մուրադյանը գոհունակություն հայտնեց նկատելի դրական տեղաշարժից, ինչպես նաև տվեց հանձնարարականներ, հատկապես` առանձին բաժանմունքներում դեռևս շարունակվող հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ: 

ՀՀ առողջապահության նախարարըհանդիպեց բուժանձնակազմի հետ, զրուցեց հիվանդների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկները: Նա շրջեց նաև ճառագայթային բուժման բաժանմունքում, ծանոթացավ սարքավորումների հնարավորություններին: Հետաքրքրվեց մատուցվող ծառայությունների ծավալներով: 

Ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկի, ինչպես նաև ուրոլոգիական բաժանմունքի և ամբիոնի աշխատակիցների խնդրանքով` Արմեն Մուրադյանը վիրահատեց հիվանդին` հաշվի առնելով վիրահատության բարդությունը: Ներմիզուկային մասնատման վիրահատությունն անցավ բարեհաջող: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար: