Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Չեմ կարծում, որ ինձ կարելի է պատասխանել նման տեսանյութերով, ընդհակառակը` կարծում եմ, որ պետք է կարողանալ ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլև հեռանալ»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն` անդրադառնալով պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի` օրերս սեքս-սկանդալի գործով հրապարակած տեսանյութին:
Ըստ նախարարի` պետք է կարողանալ ընդունել սեփական թերություններն ու խնդիրները: «Ես այդ տեսանյութ կոչվածը տեսել եմ ամիսներ առաջ, հենց ինքն էր ինձ բերել` ցույց տալու: Ճիշտն ասած` այդ գործն ինձ քիչ է հետաքրքրում, այն պետք է ավելի շատ հետաքրքրի պատկան մարմիններին: Ինձ մոտ այդ տեսանյութն ընդամենը հարցեր առաջացրեց` եթե դա ինչ-որ բանի ապացույց է` ինչո՞ւ 1 տարի ընթացող գործում այն կոնկրետ արդյունքներ չտվեց: Եթե դա ապացույց է, ապա ի՞նչ իրավունքով է կողմերից մեկը հրապարակում ընթացող, չփակված քրեական նյութի գործերը: Եվ ամենակարևորը` որտեղի՞ց այդ տեսանյութի կադրերը. ինձ`որպես երևանցու, հետաքրքրում է` իմ կամ ձեր անձնական տեղաշարժման մասին ինֆորմացիան ի՞նչ իրավական հղումով կամ հիմքով է այս կամ այն ՍՊԸ-ն կամ կազմակերպությունը տրամադրել ինչ-որ մեկին»,- ասաց Աշոտյանը` հավելելով, որ տեսանյութն իրականում որևէ ուժ չունի, այն իր համար շատ ցածրորակ, չմոնտաժված մի բան էր:
Ըստ նրա` եթե մարդն ասուլիս է հրավիրում, որպեսզի հաշվետու լինի իր մեկ տարվա կատարած աշխատանքների համար և ասուլիսի 90 տոկոսը նվիրում է անձնական արկածներին, դա արդեն բուհի համար վատ է և փաստում է, որ մի բան այն չէ: Աշոտյանի ձևակերպմամբ` երբ բուհական հաշվետվությունը վերածվում է արկածային մելոդրամատիկ թրեյլերի, ինչ-որ բան այն չէ: «Ես ոչ մեկի կողմից չեմ, ես բուհի կողմն եմ, այդ սկանդալ կոչվածը` սեքս-սկանդալ է, կեքս-սկանդալ է, ինձ ընդհանրապես հետաքրքիր է»,- ասաց նա:
«Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններում ո՞վ կանցնի» հարցին էլ նախարարը պատասխանեց, թե ԿԳՆ-ն ունի իր ձայները, այդ ձայները տնօրինում են մարդիկ, ովքեր ներկայացնում են նախարարությունը, իսկ նախարարությունը կառավարության մաս է: «Կառավարությունն էլ պաշտպանում է բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր այս ընթացքում նաև տուժել են հանիրավի գործողություններից, հատկապես` ուսանողներին: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել` թույլ չեմ տա, որ պոլիտեխնիկի որևէ ուսանողի գլխից մազ պակասի: Ես որոշակի տեղեկություններ ունեմ ճնշումների մասին, գիտեմ, որ տարբեր մարդկանց վրա փորձում են տարբեր կերպ «դուրս գալ», բայց այս կոմեդիայի ավարտին մնացել է ընդամենը 11 օր»,- ասաց նա:
Իսկ թե ի՞նչ հարաբերություններ ունի նախարարը Թոքմաջյանի հետ, Աշոտյանը նշեց, որ չի մեկնաբանում անձնական հարաբերությունները, քանի որ իրեն` որպես նախարարի, հետաքրքրում է կրթությունը, բուհը: «Ինձ հետաքրքրում է բուհի զարգացումը, անցնցում պոլիտեխնիկը, իրականում զարգացող պոլիտեխնիկը, պոլիտեխնիկը, որտեղ որևէ մեկը բարձրանալու համար չի փորձի տապալել նախորդների աշխատանքը, որտեղ իրականում կաշխատեն դասախոսներ, որոնց աշխատանքը կախված չի լինի ռեկտորի հետ ունեցած հարաբերություններից, դասախոսներ, որոնք վերջին պահի չեն հայտնվի բուհում և դառնան կառավարման խորհրդի անդամ»,- ասաց նա:
Yerkir.am-ի նկատառմանը, թե արդյո՞ք այս ամենից հետո չեն պակասել Թոքմաջյանի` ռեկտոր դառնալու շանսերը, Աշոտյանը պատասխանեց, թե ինքը Թոքմաջյանին դիտարկում է որպես պոլիտեխնիկի ռեկտորի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար անձ, մարդ, որն այս պահին բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրված երկու թեկանծուներից մեկն է: «Ասում են` կասկածահարույց է, որ մյուս տեղերում չկան թեկնածուներ, բայց պոլիտեխնիկում կա: Ոչ, կասկածահարույց չէ, դա ընդամենը ցույց է տալիս, որ բուհում խնդիր կա, իսկ Նարիմանյանն ու Սիմոնյանն իրենց կոլեկտիվների կողմից դիտարկվում են որպես աներկբա առաջատարնեեր»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե տարօրինակ չէ՞, որ բուհում, ինչպես ասում է Թոքմաջյանը, մեկ տարում ավելի շատ առաջընթաց է գրանցվել, քան նախորդ տասը տարիների ընթացքում, Աշոտյանը պատասխանեց, որ Թոքմաջյանի` լրագրողներին ներկայացված «հաշվետվությունը» PR-ի փորձ էր, ընդ որում` անհաջող: «Դա ինչ հաշվետվություն էր` ակնհայտ է, չէ՞, որ ընդամենը PR էր: Հաշվետվությունը լինում է կա\'մ մեկ տարվա ամփոփում, կա\'մ ֆինանսական: Նրա ներկայացրածը նշվածներից ո՞ր մեկն էր: Վերջ, այս ամենն ինձ հետաքրքրում է ավելի քիչ, քան ձեզ, որովհետև ես գիտեմ` ինչ եմ անելու, իսկ դուք չգիտեք` ինչ եմ անելու ես»,- ասաց նա: