Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ այն խախտումներն ու չարաշահումների մեխանիզմը, որոնք հայտնաբերեցին գազի հարցերով ուսումնասիրությունների ժամանակ, գործել են էլեկտրաէներգիայի ոլորտում:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ու ոլորտի խախտումների մեջ իշխանությունների մատը խառն է: Բոլոր բարեգործությունները, որ արել է ՀԷՑ-ը, արել է իշխանությունների առաջարկով: Իրենք օպերա են ներկայացրել, եկեղեցու կառուցման հովանավորություն են իրականացրել, մշակութային փառատոներ են իրականացրել, հազար ու մի շինարարական բարեգործություններ են իրականացրել: Տարեկան մոտ 4 միլիոն դոլարի բարեգործություն են արել, և դա արել են ոչ թե իրենց կամքով, այլ իշխանությունների առաջարկով: Եթե Բիբինը գալիս է խորհրդարան ու այսպես «էրքով» է խոսում, համարձակ է խոսում, այն բանի համար, որ ասում է. «Չէ՞ որ ես ինչ արել եմ, ձեր համաձայնությամբ եմ արել, չէ՞ որ ինձ հիմա ինչում մեղադրում եք, ձեր առաջարկով է եղել: Եվ եթե օգնել ենք ձեր եկեղեցիները կառուցելուն, ի՞նչ իրավունքով եք ինձ ասում, թե` էս ինչ ծախսեր ես արել»,- ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորը վստահ է, որ այդ ճոխ ծախսերից, մեծ կորուստներից, դեբիտորական պարտքերից ու սակագնի բարձրացումից իշխանությունն է շահում: Որքան կորուստները մեծ են լինում, այնքան շատ է փող մտնում բյուջե, այնքան ստվերը շատ է, իսկ որքան ստվերը շատ եղավ, այնքան գողանալու տեղը շատ է լինում:
Պատգամավորը նշում է` այդ ինչպե՞ս հասկանալ, որ գազի ու էլեկտրաէներգիայի համակարգում 6-7 տարի շարունակ կես տոկոս կորուստների պակաս չի եղել, այն դեպքում, երբ հարյուրավոր միլիոնների ներդրումներ են եղել: «Որովհետև կորուստները իշխանությունների հանգիստ ու ստվերային ուտելու տեղն է, ահա, թե ինչու շահագրգռված չեն նվազեցնել կորուստները: 90 հազար դրամ աշխատավարձով հնարավոր չէ էլեկտրիկ պահել մեր երկրում, բայց նրանք այդքան աշխատավարձով 4000 էլեկտրիկ են պահում, որպեսզի նրանք «գողանան», որի մի մասը բարձրանում է «վերև»: Չի կարող այդքան ցածր աշխատավարձով աշխատող էլեկտրիկը ազնիվ գործել, եթե նա գործ ունի օրական 900 հազար դրամի հետ: Տեսուչներին թույլատրել են ստվերային գործարքներ անել, ահա` ինչու կորուստները չեն նվազում: Այնպես որ` ՀԷՑ-ն անում է այն քայլերը, որոնք համաձայնեցնում է իշխանությունների հետ»,- ասաց նա:
Արամ Մանուկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ունի փաստաթղթեր, նամակներ, որոնք վկայում են գործընթացի բազմաթիվ գաղտնի կողմերի մասին: Դրանցից մեկն այն է, որ իրականում Հայաստանը Վրաստանից հոսանք է գնում, դա արտահայտված է Հայաստան-Վրաստան մաքսային մարմինների բալանսում, այն կազմում է 140 միլիոն կիլովատտ/ժամ, որը մեր էներգետիկ բալանսում ընդգրկված չէ, իսկ եթե ընդգրկված լիներ, դա կարող էր բերել էլեկտրաէներգիայի էժանացման: