կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-29 11:35
Հասարակություն

Չդիմացավ. բա մենք ո՞նց ենք դիմանում

Չդիմացավ. բա մենք ո՞նց ենք դիմանում

Դեռ բավական ժամանակ Հայաստանի քաղաքական քննարկում-շահարկումների հիմնական թեման լինելու է Երեւանի քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականը: Մամուլի ակումբները դեռ երկար են տալու-առնելու քաղաքապետի «ուզող-չուզողների» կարծիքները:

 

Հրաժարականի հնարավոր պատճառներից ամենաարժանահավատ տարբերակը հետևյալն է. նրան առաջարկվել է ղեկավարել ՀՀԿ-ի նախընտրական քաղաքային շտաբը, սակայն այս առաջարկը քաղաքապետը մերժել է` պատճառաբանելով, որ ինքը ոչ թե կուսակցական գործիչ է, այլ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար եւ իր լծակները կարող է օգտագործել միայն քաղաքի բարօրության, այլ ոչ թե քաղաքական նպատակների համար: Այս պատասխանից հետո նրան առաջարկվել է հրաժարականի դիմում ներկայացնել:

 

Ստացվում է, որ իշխող ուժի նպատակը ոչ թե մայրաքաղաքի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծումն է, այլ քաղաքը՝ «նախընտրական շտաբի», իսկ բնակիչներին՝ «ընտրազանգվածի» վերածելը: Եվ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանող, ձայներ կեղծող, վարչական լծակներն օգտագործող իրենց «նվիրյալ» կուսակիցը նախընտրելի է իր բուն աշխատանքով, այլ ոչ թե զանազան շոուներ կազմակերպելով զբաղված պետական պաշտոնյայից:

 

Ինչեւէ, ցանկացած հրաժարական առիթ է` քննելու գործչին, նրա արածն ու չարածը: Այս առումով, Կարեն Կարապետյանն այն բացառիկ պաշտոնյաներից է, ում հետ աշխատելը մամուլի համար համեմատաբար հեշտ էր: Քաղաքապետարանը հիմնականում դադարել էր փակ համակարգ լինելուց, եւ կարողանում էինք մեր հարցերը բարձրացնել ու ստանալ պատասխան: Ուղղակի թե անուղղակի՝ քաղաքապետն արձագանքում էր բոլոր հրապարակումներին:

 

Իհարկե, Կարեն Կարապետյանն իր գործունեության արդյունքում նաեւ բազմաթիվ հակառակորդներ ձեռք բերեց: Սկզբունքորեն համաձայն լինելով քաղաքի բարեկարգման, արտաքին տեսքի կարգավորման ուղղությամբ որոշ աշխատանքների հետ` այնուհանդերձ, մեզ չէր գոհացնում դրանց կատարման ժամկետների ընտրությունը և այդ քայլերի ձեռնարկումը՝ առանց դրանց սոցիալական հետևանքները նկատի ունենալու: Բայց որ քաղաքում որոշ խնդիրներ կարճ ժամանակում լուծում ստացան, ակնհայտ է:

 

Ո՞վ կլինի հաջորդ քաղաքապետը եւ ինչպե՞ս կաշխատի` ցույց կտա ամենամոտ ապագան: Պարզապես կցանկանանք, որ նոր քաղաքապետին ընտրողներն առաջնորդվեն «լավից լավը» սկզբունքով: