Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Քննարկվել են հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հարցեր:
Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը, Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ Եվրասիական միության և ԵՄ միջև կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարևոր հարթակ:
ՀՀ Նախագահը և Շվեդիայի վարչապետը միջպետական հարաբերություններում կարևոր տեղ են վերապահել առևտրատնտեսական կապերին և ընդգծել այդ ոլորտում փոխգործակցությունը խորացնելու, հայաստանյան շուկայում շվեդական ներդրումներն ու նոր ընկերությունների մուտքը խթանելու և խրախուսելու ուղղությամբ երկկողմ աշխատանքի անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը հայ-շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում կարևորել են Երևանում և Ստոկհոլմում բացված դեսպանությունների գործունեությունը: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի իշխանություններին՝ ս.թ. ապրիլին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայացած ոգեկոչման միջոցառումներին Շվեդիայի պաշտոնական մասնակցության համար: