Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ ԿԳ նախարար Դմիտրի Լիվանովի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում:
Աշոտյանը նշել է, որ Բոլոնիայի գործընթացը լրացուցիչ առիթ է երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար` ինչպես Եվրոպական կրթական տարածքում ընդգրկված երկրների, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափով:
<Հայ-ռուսական կրթական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Մասնավորապես, Երևանում բացվել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, «Գազպրոմ» ընկերության կողմից արդեն սկսվել է ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը, որը գործելու է ՀՀ օրենսդրությանը համաձայն: Շատ կարևոր է, որ հումանիտար ոլորտում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նպաստեն երկու պետությունների քաղաքացիների շահերի սպասարկմանը»,- ասել է Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև՝ Երևան քաղաքում Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի գործունեության պայմանների մասին: Ըստ ստորագրված նոր համաձայնագրի՝ Հայ-ռուսական համալսարանը ստանում է գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ: Մասնավորապես, ամրագրված է, որ համալսարանի հիմնական խնդիրներից է` ՌԴ օրենսդրությանը համապատասխան հաստատած դաշնային պետական կրթական չափորոշիչներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան հաստատած պետական կրթական չափորոշիչներին և ազգային–տարածաշրջանային բաղադրիչներին համապատասխան հիմնական մասնագիտական կրթական ծառայությունների մատուցում, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի և գիտական-նորարարական գործունեության իրականացում:
Սովորողների պահանջմունքները բավարարելու նպատակով՝ համալսարանը առանձին հիմնական մասնագիտական կրթական ծրագրերով կարող է իրականացնել ուսուցում օտար լեզուներով` կողմերի օրենսդրություններին համապատասխան: Համալսարանի լիցենզավորումը և կրթական գործունեության պետական հավատարմագրումն իրականացվում են երկու պետությունների օրենսդրություններին համապատասխան: Համաձայնագրով նախատեսվում է հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում երկու պետությունների աջակցությամբ կատարել տեխնիկական վերազինում՝ ստեղծելով ժամանակի պահաջներին համահունչ լաբորատորիաներ: