կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-13 12:20
Հասարակություն

Տիգրան Խզմալյանի խայտառակ հարցազրույցը` ադրբեջանական haqqin.az-ին

Տիգրան Խզմալյանի խայտառակ հարցազրույցը` ադրբեջանական haqqin.az-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ կինոռեժիսոր և հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az–ին՝ քննադատելով Հայաստանի իշխանություններին և խոսելով երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի մասին:

 

Նա նշել է, որ քաղաքական ծանր իրավիճակի սկիզբը դրել են 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը, երբ «խախտվեց քաղաքական հավասարակշռությունը և սկսվեց Ռոբերտ Քոչարյանի միանձնյա բռնապետությունը»: Նա նաև վստահություն է հայտնել, որ «այդ մասշտաբային օպերացիան դարձել է ԿԳԲ-ի դավադրության մի մասը, որն այն ժամանակ իշխանության է եկել Կրեմլում»: Արդյունքում` երկրում, ըստ նրա, «մեծացավ կոռուպցիան, սկսվեցին ռեպրեսիաներ, վերացան քաղաքացիական ազատությունները»:

 

Պատասխանելով հարցին՝ ո՞վ է մեղավոր ՀՀ-ում սոցիալական անարդարության, կոռուպցիայի համար, Խզմալյանը պատասխանել է, որ մեղավոր են ինչպես իշխանությունը, այնպես էլ հասարակությունը, որը «կուլ է տալիս այդ բոլոր ստորացումները`  հանուն անվտանգության պատրանքի»:

 

«Որքան ինձ հայտնի է, նման իրավիճակ է տիրում նաև մյուս հետխորհրդային երկրներում, մասամբ` նաև Ադրբեջանում: Կարծում եմ, որ մեր՝ իշխանության առաջ պարտության հիմնական պատճառը մեր ազգային էլիտայի թուլությունն է, որը զիջել է Կրեմլի կողմից ղեկավարվող հանցավոր ռեժիմին»,- ասել է նա:

 

Հարցին՝ ի՞նչ է տվել Հայաստանին ԵՏՄ-ին անդամակցումը, կինոռեժիսորը պատասխանել է, որ անգամ վիճակագրական տվյալներն են վկայում իրադարձությունների աղետալի զարգացման մասին:

 

«Նվազել են տնտեսական ակտիվությունը, առևտրաշրջանառությունը հենց ԵՏՄ-ին մասնակից երկրների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի: Միջազգային պատժամիջոցները ՌԴ-ի դեմ անխուսափելիորեն հարվածում են ՀՀ-ի տնտեսությանը: Հնարավոր է՝ միակ պարադոքսալ ձեռքբերումը եղավ այն, որ վերջ դրվեց այն պատրանքին, թե Ռուսաստանը մեր մեծ եղբայրն է, որը կօգնի և կպաշտպանի: Ռուսական ընկերություններն ուղղակի թալանում են ՀՀ-ում գրաված տնտեսությունը, որը ՌԴ-ին ամբողջությամբ տվեց դեռևս Քոչարյանը` խղճուկ`  250 մլն դոլարի պարտքի դիմաց: Մյուս սթափեցնող հանգամանքն եղավ այն, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Իսկ Գյումրիում դաժան սպանությունը դարձավ վերջին կաթիլը»,- ասել է նա:

 

Խոսելով Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին՝  Խզմալյանը նշել է, որ «ՀՀ-ի պատմության մեջ դժվար թե լինի մի քաղաքական գործիչ, որն իր ժողովրդի մոտ նման ատելություն և ցասում առաջացնի»: Ըստ նրա` Քոչարյանը շանսեր չունի, այդ իսկ պատճառով ապրում է Ռուսաստանում, որտեղ Պուտինը նրա համար «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդում պաշտոն է պահել:

 

Ադրբեջանցի լրագրողը նաև հետաքրքրվել է՝ կա՞, արդյոք« ՀՀ-ում մի ուժ, որը կարող է իրեն հակադրել, այսպես կոչված, ղարաբաղյան կլանին: Խզմալյանը, ի պատասխան, հայտարարել է. «Ղարաբաղյան կլանը արդեն դարձել է անբովանդակալից առասպել, որը վերածվել է օլիգարխների և գանգստերների խառնածին կլանի: ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալա-ոստիկանական բռնապետություն, և ղարաբաղցիներն այս կլանում արդեն մեծամասնություն չեն կազմում: Հակազդել դրան կարող է միայն քաղաքացիական հասարակությունը, ավելի ճիշտ` դրա այն հատվածը, որը կարող դուրս գալ կրեմլյան բռնապետության դեմ պայքարի»:

 

Վերջում լրագրողը հետաքրքրվել՝ հնարավո՞ր է, արդյոք, հայերի և ադրբեջանցիների հաշտեցում, ինչին Խզմալյանը պատասխանել է հետևյալը. «Մենք այլ պատմական ընտրություն չունենք: Սակայն դրա համար պետք է ազատվել այդ բռնապետությունից, վերադառնալ եվրոպական քաղաքակրթություն: Այդ մարտահրավերը պետք է ընդունեն ինչպես մեր, այնպես էլ ռուս ժողովուրդը: Վրաստանի և Ուկրաինայի օրինակը մեր աչքի առաջ է: Ստրուկների միջև բարեկամություն չի կարող լինել, դա հատուկ է ազատ ժողովուրդներին»:

 

Նշենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Խզմալյանը հաստատել է, որ իր խոսքերը չեն խեղաթյուրվել: