| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապրիլի 29-ին Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն իր անդրանիկ նիստի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ: Ի դեպ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է վերընտրվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա հունիսի 19-ին: Ներկայումս ԵՊՀ ռեկտորը պատմագետ Արամ Սիմոնյանն է, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2006թ. մայիսից:
Yerkir.am-ի հետ զրույցում Արամ Սիմոնյանը նշեց, որ ինքն արդեն դիմել է ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին: «Գործերս տվել եմ, տեսնենք: Բայց եթե դիմել եմ` հույս ունեմ: Անկեղծ ասած` չեմ հետաքրքրվել` որևէ մեկն առաջադրե՞լ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Մրցակից… Շատ արժանավոր մարդիկ կան, որոնք կարող են լինել ԵՊՀ ռեկտոր, այնպես չէ, որ միայն Արամ Սիմոնյանն է հավակնում այդ պաշտոնին: Ընթացքը ցույց կտա` ովքեր ինչպես են գնահատում իրենց ուժերը»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու դեպքում առաջին քայլը բուհի զարգացման ծրագիրը կյանքի կոչելը պետք է լինի: Ի դեպ, այն արդեն քննարկման ավարտական փուլում է, և մինչև արձակուրդ գնալը պետք է ընդունեն:
«Այդ ծրագիրը մեզ համար շատ լուրջ մարտահրավերներ է պարունակում, բայց մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի հաղթահարենք այդ մարտահրավերները: Մեր ամբողջ ուշադրությունը, եռանդը, հնարավորությունները պետք է ի սպաս դնենք, որպեսզի այդ ծրագիրը կատարենք, որի արդյունքում կերևա` մենք դառնո՞ւմ ենք հետազոտական համալսարան, թե՞ ոչ: Սա մեր զարգացման երրորդ ծրագիրն է, բայց նման մանրամասնությամբ ծրագիր մենք երբևէ չենք ունեցել»,- ասաց Սիմոնյանը` հույս հայտնելով, որ այն կընդունվի: