կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 11:25
Տարածաշրջան

Էրդողանը չի ցավակցել նախկին նախագահի մահվան կապակցությամբ

Էրդողանը չի ցավակցել նախկին նախագահի մահվան կապակցությամբ

Թուրքիայում բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները, այդ թվում` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն ցավակցել երկրի նախկին նախագահ Քենան Էվրենի մահվան կապակցությամբ:

 

Ըստ Haberler-ի՝ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական կայքէջերից որևէ մեկում, որտեղ միշտ ցավակացական ուղերձներ են ուղղում, չի եղել Քենան Էվրենի մասին ուղերձ:

 

Թեեւ Էվրենի մահվան օրը Էրդողանը ելույթ է ունեցել և շնորհավորել Մայրերի օրն ու ցավակցել Թուրքիայում մահացած հայտնի դերասան Զեքի Ալասիայի հարազատներին, նա ոչ մի կերպ չի անդրադարձել նախկին նախագահի մահվանը:

 

Ընդդիմադիր կուսակցությունները ևս չեն ցավակցել Էվրենի մահվան կապակցությամբ:

 

Նախագահի մահվան մասին հայտարարություն է արել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին՝ ասելով. -«Մեր ժողովրդավարության դեմ արված խայտառակություն էր դա: Ես նրան  թողնում եմ պատմության, թուրք ժողովրդի և Աստծո դատին»:


Հիշեցնենք, որ Թուրքիայում 98 տարեկանում մահացել է երկրի նախկին նախագահ Քենան Էվրենը, ով դատապարտվել էր ցմահ բանտարկության 1980 թվականին զինվորական հեղաշրջման կազմակերպման համար:  Էվրենը, ով հեղաշրջման արդյունքում դարձել էր  նախագահ, անձեռնմխելի  անձ  էր մինչեւ 2010 թվականը: