կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 12:35
Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳ նախարարը «համատեղ ապագա» ստեղծելու հույս ունի

Թուրքիայի ԱԳ նախարարը «համատեղ ապագա» ստեղծելու հույս ունի

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, նշելով, որ 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» որակելն այդ ուղղությամբ առկա խնդիրները լուծելու հարցում օգուտ չի տալիս, ասել է. «Հայերն ու թուրքերն այդ խնդիրը պետք է միասին լուծեն»: Այս մասին տեղեկացնում է Haberler-ը:

 

Նշելով, որ Թուրքիան համբերությամբ և վճռականությամբ աշխատում է հայերի և թուրքերի միջև դարձյալ համակրանք ստեղծել, նա նշել է. «Մենք շարունակում ենք հավատալ, որ միայն երկխոսության ճանապարհով խաղաղ և համատեղ ապագա կարող ենք ստեղծել»:

 

Չավուշօղլուն կրկնել է նաև վարչապետ Դավութօղլուի ցավակցական ուղերձում ասված խոսքերը, թե «թուրքերը կիսում են հայերի վիշտը», և հայտնել, որ տվյալ խնդրի լուծման համար լինելու են պատմական մակարդակով աշխատանքներ:



Ի պատասխան լրագրողի հնչեցրած հարցին՝ Չավուշօղլուն, կրկնելով Թուրքիայում` Հայաստանի 40 հազար քաղաքացիների ներկայության թեման, թե նրանք հավասարապես օգտվում են քաղաքացիական իրավունքներից, հիշեցրել է նաեւ այն հայ թեկնածուներին, ովքեր հունիս ամսվա ընտրություններում տարբեր կուսակցությունների կողմից առաջադրվել են որպես թեկնածու:

 

Այնուհետև նա պնդել է, որ «երկու երկրների հարաբերությունների բարելավման համար, 2009 թվականից ի վեր, իրենք ջանքեր են գործադրում, և Թուրքիան համարձակ քայլեր է արել»: Չավուշօղլուն հայտել է, որ Թուրքիան չի հրաժարվելու կարգավորման գործընթացից:   



Հերթական անգամ կրկնելով թուրք պաշտոնյաների` արդեն անգիր արված խոսքը, թե 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրությունը պետք է թողնել պատմաբաններին, Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Մինչ այդ էլ տարբեր երկրների խորհրդարաններ նման բանաձևեր են ընդունել, սակայն դրանք ոչ մի հարցում չեն օգնել: Հայաստանն ու Թուրքիան, թուրքերն ու հայերը պետք է իրար հետ այդ խնդիրը լուծեն»: