Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գերագույն մարմնի նիստը: Նիստից հետո Հերմինե Նաղդալյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան, ինչպես նաեւ ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նշանակումը Կոտայքի մարզպետի պաշտոնում, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, եւ նման նշանակումները կարգավորվում են օրենսդրությամբ:
Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք այս նշանակումը երկու քաղաքական ուժեր հաշտության նախանշան է, Նաղդալյանն ասաց. «Եղել է որոշում, համաձայն որի` Կարապետ Գուլոյանը նշանակվել է մարզպետ, իսկ մյուս ենթադրությունները պարզապես ֆանտազիայի ժանրից են»:
Նշենք, որ մինչ ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկը լրագրողները նույն հարցն ուղղել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ փորձել ճշտել՝ արդյո՞ք այդ նշանակումը վարչապետի նախաձեռնությունն է: «Քանի որ մարզպետին տեղափոխեցինք, նշանակեցինք Աբովյանի քաղաքապետին: Նախկին մարզպետը լավ էլ աշխատում էր, իրեն տեղափոխեցինք ջրային տնտեսության պետական կոմիտե, դրա համար նշանակեցինք Աբովյանի քաղաքապետին»,- նշել էր Հովիկ Աբրահամյանը:
Ի դեպ, այսօր ՀՀԿ 25-ամյակն էր: