Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը հանդարտեցնելու փորձերում ՀՅԴ-ն միայն հաշտեցման նպատակ չէր հետապնդում: ՀՅԴ-ի նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն էր: Այս մասին երեկ «Երկիր Մեդիա»-ի «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ-ի համար ակնհայտ էր, որ ԲՀԿ-ՀՀԿ առճակատումը որևէ լավ բանի չի հանգեցնելու: ՀՅԴ-ն հնարավորը փորձեց անել, ու այսօր ուրախ է, որ բոլորը միասին, առաջին հերթին` ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն՝ որպես պատասխանատու ուժ, երկիրը զերծ պահեցին հնարավոր ցնցումներից: Արդեն այսօր, ըստ Աղվան Վարդանյանի, վերադասավորումների, վերակազմակերպման շրջան է բոլորի մոտ, այդ թվում` ԲՀԿ-ի և եռյակի մյուս անդամների:
«Նաև ուզում եմ հավատալ, որ ՀՀԿ-ն իր հայտարարած նպատակներին գոնե պետք է հավատարիմ լինի և փորձի ինքն էլ վերակազմակերպվել, գիտակցել, թե երկրում առկա խնդիրների լուծման ինչ մեխանիզմներ կան: Այո, մենք պայմանական հրադադար ունեցանք և անկանխատեսելի զարգացումներից զերծ մնացինք, բայց չի նշանակում, որ երկրում ամեն ինչ լավ է: Այսօր ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ գնա կոնկրետ հարցեր լուծելու ուղղությամբ, որ պարզ, հասարակ մարդիկ գոնե տեսնեն ինչ-որ կոնկրետ քայլ, կոնկրետ խնդիրների լուծում, այս «հաշտեցումից» հետո երևա երկրում փոփոխություններ կատարելու կամքը, վճռականությունը»,- հայտարարեց Վարդանյանը:
Նա ցավով արձանագրեց, որ ընդդիմադիր դաշտի համագործակցությունը այդպես էլ լիարժեք չեղավ, և նշեց, որ երբ ՀՅԴ-ն քառյակում էր, շատ ավելի հստակ էին քառյակի գործողությունները, մեխանիզմները, սկզբունքները:
Խոսելով ԲՀԿ-ի ճակատագրի մասին՝ Վարդանյանը հույս հայտնեց, որ ԲՀԿ-ի հիմնական՝ քաղաքական կորիզը կգտնի վերակազմակերպվելու ուժ, նպատակ և կշարունակի որոշակի դերակատարում ունենալ քաղաքական դաշտում: Մի բան ակնհայտ է Վարդանյանի համար` եռյակի մյուս անդամների հետ ԲՀԿ-ի համագործակցությունը գոնե տեսանելի ապագայում չի լինի: «Ինչ կանեն մյուս ուժերը, իրենց խնդիրն է»,- ասաց նա:
Վարդանյանն անդրադարձավ ԱԺ-ում ՀՀԿ-ականների՝ վերջին օրերի հայտարարություններին, թե ճգնաժամն իրականում ընդդիմությունում է եւ ոչ թե իշխանությունում: «Ընդդիմությունը միայն եռյակը չէ: ՀՅԴ-ն լիարժեք ընդդիմադիր ուժ է եւ ունի աշխատելու բուռն, նպատակային ձգտում: Տեսնենք` ԲՀԿ-ն ինչ ճանապարհ կընտրի: Չփորձենք թելադրել: Ես հույս ունեմ, որ նրանք կգտնեն դերակատարության իրենց ձևաչափը, իրենց մեխանիզմները: Հիմա նոր իրավիճակ է երկրում, խնդիրները մնացել են չլուծված: Հանկարծ մեծամասնության՝ հանրապետականների մտքով չանցնի, թե այլևս իրենց ձեռքերը ազատ են և որևէ խոչնդոտ չկա իրենց առջև, լարվածությունը վերացած է, իրենք կարող են ամեն ինչ անել: Այո, կարող են, բայց պետք է գործեն երկրում իսկապես բան փոխելու համար, հասարակության լայն շերտերի մեջ փոփոխության հույս ներշնչելու համար: Եթե նրանք չգնացին այս ճանապարհով, որևէ լավ բան չի լինելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որ երկիրը որակական փոփոխությունների փուլ մտնի»,- հայտարարեց Վարդանյանը:
Դիտարկմանը, որ այս օրերի ընթացքում քննադատություններ հնչեցին ՀՅԴ-ի հասցեին, Վարդանյանը պատասխանեց, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց այդ օրերին մոտենում եւ ասում էին. «Միայն դուք կարող եք ցնցումներ թույլ չտալ, այլապես Աստված գիտե, թե ինչ կլինի»:
«Խորապես համոզված եմ, որ ե'ւ ՀՀԿ-ում, ե'ւ ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր ևս զգում էին այս բախման հնարավոր սարսափելիությունը, բայց, ցավոք, այդ քաղաքական ուժերում չկար այն համարձակությունը, այն քաջությունը, որ իրենց ղեկավարների առջև ասեին՝ սա լավ տեղ չի տանում: Այս առումով էլ է Դաշնակցությունը տարբերվում: Քննադատությունից մենք չենք խուսափել, բայց եթե մենք առաջնորդվենք կողքի ասածներով ու գնահատականներով՝ ի՞նչ կլիներ»,- ասաց Վարդանյանը: