| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանի Քերմանշահ քաղաքում անցկացվում է ըմբշամարտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Թախտիի գավաթի 35-րդ խաղարկությունը, որին այս անգամ մասնակցում են 16 երկրի ուժեղագույն ըմբիշներ:
 Ստուգատեսի ձևաչափն այս անգամ փոխվել է, ու իրանցի ազատ ոճի լեգենդար ըմբիշ, օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Գոլամրեզե Թախտիի մրցանակները խաղարկում են ոչ միայն ազատ ոճի, այլ նաև հունահռոմեական ոճի ըմբիշները:
Ավանդական այս ստուգատեսին մասնակցում են մեր ազատ ոճի 12 ըմբիշներ` մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանի ու Սուրեն Մարկոսյանի ղեկավարությամբ:
Ինչպես տեղեկացնում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, երեկ` մրցաշարի 1-ին օրը, ազատ ոճի ըմբիշները պարգևներ խաղարկվեցին 57, 61, 97 և 125 կգ քաշային կարգերում:
Նշենք, ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում առաջին օրվա մրցանակների առյուծի բաժնին տիրացան տանտերերը: 4 քաշային կարգերում խաղարկված 16 պարգևներից իրանցիները նվաճեցին 3 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մրցանակ, ընդհանուր առմամբ` 12 մեդալ՝ պարգևների 75 տոկոսը:
Ազատ ոճի մրցաշարում 1-ին օրը հաղթողներ դարձան՝
 57 կգ՝ Յունես Սարմաստի, Իրան, 
 61 կգ՝ Բեհնամ Էհսանպուր, Իրան,
 97 կգ՝ Էլիզբար Օդիկաձե, Վրաստան, 
 125կգ՝ Փարվիզ Հադի, Իրան: 
 Առաջին օրվա մրցապայքարին մասնակցեց հայազգի 3 ըմբիշ՝ 2-ը Հայաստանից, մեկը՝ Ուկրաինայից: Առավել հաջող էր Ուկրաինայի չեմպիոն` 57 կգ քաշային Նիկոլայ Այվազյանի ելույթը: Նա 1/8-րդ փուլում 7:0 հաշվով հաղթեց թունիսցի Չեդլի Մեթլութային, բայց  քառորդ եզրափակիչում համառ պայքարում 5:6 հաշվով զիջեց ապագա բրոնզե մեդալակիր իրանցի Ռեզա Արտիին: Ի դեպ, վերջինս 1/8-րդ փուլում 7:2 հաշվով առավելության էր հասել ու հետագա մրցպայքարից դուրս էր մղել Հայաստանի հավաքականի պատվիրակ Գոռ Գրիգորյանին: 
97 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Անդրանիկ Գալստյանը նույնպես անհաջողության մատնվեց իր առաջին իսկ գոտեմարտում՝ 1/8-րդ փուլում զիջելով եգիպտացի Ալ Համիդ Ամինին:
 TAKHTI CUP-2015-ի  2-րդ օրը ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում պարգևներ կխաղարկվեն 65, 70, 74 և 86 կգ քաշային կարգերում: Հայաստանի պատվիրակներից նախատեսվում է, որ այսօր մրցագորգ դուրս կգան Արթուր Բաղդասարյանը և Նարեկ Սիրունյանը (երկուսն էլ 65 կգ), Իշխան Պողոսյանը և Վալտեր Մարգարյանը (երկուսն էլ 70 կգ), Վարուժան Կաջոյանը և Գևորգ Համբարձումյանը (երկուսն էլ 74 կգ), Վահե Թամրազյանը, Արման Մկրտչյանը և Շամիր Աթյանը (երեքն էլ 84 կգ):