կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-28 15:45
Իրավական

Շատ ճիշտ է, որ Գյումրիի ցուցարարներին կանչում են ոստիկանություն. Վլադիմիր Գասպարյան

Շատ ճիշտ է, որ Գյումրիի ցուցարարներին կանչում են ոստիկանություն. Վլադիմիր Գասպարյան

Այսօր Եռաբլուր այցելած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված հարցերի հիմնական մասը վերաբերում էր Գյումրու ողբերգությանը:

 

Վլադիմիր Գասպարյանը նախ փորձեց խուսափել այդ թեմայից` ասելով, որ հարցուպատասխանը նմանվում է իրավաբանական կոնսուլտացիայի, իսկ հիմա դրա ժամանակը չէ: Հետո նշեց, որ պետք չէ Գյումրու ողբերգության գործի բացահայտման այս փուլում խոսել ենթադրություններով, որովհետև դա ավելի վնասում է գործին, քանի որ բացասաբար է ազդում ոչ միայն գործի բացահայտման, այլ նաև մարդկանց հոգեբանության վրա:

 

«Նույն պատմությունն է. սկզբնական շրջանում, երբ զբաղված էին որոնողական աշխատանքներով, եղան բամբասանքներ, երևակայություններ, որոնք բացարձակ կապ չունեին ոչ մի բանի հետ, իսկ ոստիկանությունը ստիպված էր լինում սպառել ուժերը դրանք հերքելու վրա: Որպեսզի հասարակությունը չընկնի տարակուսանքների  ու տարբեր մեկնաբանությունների մեջ, դրա համար պետք է սպասել քննչական խմբի աշխատանքին, իսկ դեզինֆորմացիայի շնորհիվ խառնվում է մեր աշխատանքը»,- ասաց ոստիկանապետը` հավելելով, որ պետք չէ ընկնել էմոցիաների ու բամբասանքների հետևից, քանի որ դա ոչ մեկին օգուտ չի բերում:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ ոճրագործության հետ կապված գրեթե բոլոր պատասխաններն են ուշանում, Վլադիմիր Գասպարյանը արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասել, որ քննությունը 15 րոպեն մեկ պետք է ձեզ հաշվետվություն ներկայացնի:  Ժամանակ առ ժամանակ թույլատրելի պահերով կարող ենք  տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը»:

 

Հարցին` Պերմյակովը անօրինակա՞ն է գտնվում ռուսական ռազմաբազայում, Վլադիմիր Գասպարյանը հստակ պատասխան չտվեց` ասելով. «Չեմ կարծում»:


Yerkir.am-ի հարցին` կան՞, արդյոք, տեսանյութեր կամ լուսանկարներ, թե սահմանին ինչպես են ձերբակալել Պերմյակովին, նա պատասխանեց. «Դե, կան, կարծում եմ»:

 

Հարցին, թե ինչո՞ւ չի նշվում հստակ ժամը, թե երբ են բռնել Պերմյակովին, ոստիկանապետը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ պետք է նշեն: Չեմ կարծում, որ քննությունը պետք է մանրամասն ներկայացվի»:

 

Հարց հնչեց նաև, թե ինչո՞ւ են Գյումրու հուզումների մասնակիցներին կանչում ոստիկանություն: «Շատ ճիշտ է արվում, որ Գյումրու ցուցարարները կանչվում են ոստիկանություն, որովհետև չի կարող այնպես լինել, որ որոշ մարդիկ մարդկանց տրամադրեն նման երևույթների, և անպատիժ մնան կազմակերպիչները: Ովքեր  կազմակերպել են այդ ջարդը, եթե մտքներով անցել է, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել և խառնել իրավիճակը, այդ մարդիկ պետք է պատժվեն»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը` հավելելով, որ քաղաքացիներին կանչում են սոտիկանություն, որ կազմակերպիչներին ի հայտ բերեն, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվության:

 

Լրագրողներից մեկի հարցին` իսկ «ականջներ կտրող» Երանոսյանը տեղավորվո՞ւմ է ոստիկանի համազգեստի մեջ, ոստիկանապետը պատասխանեց. «Իհարկե, տեղավորվում է»: