կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 17:40
Հասարակություն

Լուռ, հրամաններին ենթարկվելով, կանգնած էր դեպի դուռը. Կարեն Պետրոսյանը` Պերմյակովի մասին

Լուռ, հրամաններին ենթարկվելով, կանգնած էր դեպի դուռը. Կարեն Պետրոսյանը` Պերմյակովի մասին

Երեկ`  Գյումրիի ցույցի ժամանակ, ինքնաբուխ որոշումների արդյունքում, Գյումրու 102-րդ ռազմաբազայում պահվող` ոճրագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին տեսնելու են գնացել ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ցույցին մասնակցող մի քաղաքացի` Կարեն Պետրոսյանը: Նման որոշում կայացվեց, որպեսզի ժողովուրդը հավաստիանա, որ ոճրագործը Հայաստանում է, որովհետև լուրեր էին պտտվում, թե նրան տեղափոխել են Ռուսաստան:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Կարեն Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե փորձե՞լ են խոսել Պերմյակովի հետ, պատասխանեց. «Իսկ իմաստ ունե՞ր նրա հետ զրուցել: Ես կարծում եմ, որ դա մեր իրավասություններից ու լիազորություններից դուրս էր: Բացի այդ` մեր պայմանավորվածությունը նրան տեսնելու հետ էր կապված»:

 

Մեր հարցին` այնուամենայնիվ, ինքը` Կարեն Պետրոսյանը, ունե՞ր նման ցանկություն, պատասխանեց. «Ես շատ ավելի այլ, շատ ավելի լուրջ ցանկություններ ունեի, բայց դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել»:

 

Հարցին, թե ի՞նչ տպավորություն է թողել Պերմյակովը, արդյո՞ք նա թողել է ադեկվատ մարդու տպավորություն կամ սառնասիրտ մարդասպանի, Կարեն Պետրոսյանը պատասխանեց. «Երբ մենք գնացինք, նրան երկու հրաման տրվեց` կանգնել և դեմքով դառնալ դեպի դուռը: Մենք անցքից նայել ենք, ու այդ պահին ուրիշ ինչ-որ բանի մասին էլ չես մտածում, ընդամենը ուզել ենք հավաստիանալ, որ դա նույն անասունն է, որի նկարը շրջանառվում է համացանցով: Սովորական թշվառ զինվորի կեցվածք եմ նկատել: Ես ստացել եմ տպավորություն, որ նա լուռ, հրամաններին ենթարկվելով, կանգնած էր դեպի դուռը»:

 

Իսկ թե ինչո՞ւ տեսա- կամ լուսանկարահանում չի արվել, մեր զրուցակիցն ասաց, որ ամենասկզբում ժողովուրդը պահանջում էր հավաստիացնող տեսանյութ` անկախ որևէ բանից, այսինքն` տարբերություն չկա` իրավապահ մարմինները կտրամադրեն այդ տեսանյութը, թե` ինքն ու պատգամավորը կանեն դա: Երբ մտել են ռազմաբազա, ասել են, որ ցանկանում են նկարահանել, բայց իրենց ասվել է, որ պայմանավորվածությունը ռուսական կողմի հետ եղել է միայն այն մասով, որ տեսնեն նրան բանտախցում:

 

Արդյո՞ք ցույցին մասնակցող բոլոր քաղաքացիները հավատացին, որ Մարտուն Գրիգորյանն ու Կարեն Պետրոսյանը իսկապես տեսել են ոճրագործության մեղադրյալին, որովհետև տարբեր հարցեր էին տալիս և, ասես, չէին հավատում նրանց խոսքին, Կարեն Պետրոսյանը պատասխանեց, որ նորմալ է, մարդիկ կարող են չհավատալ, և ինքը դրանից չի նեղվում ու վրդովվում: «Ես փոխանցել եմ այն, ինչ տեսել եմ: Հավատացողը կհավատա, չհավատացողն էլ չի հավատա: Անգամ` եթե լուսանկարն ու վիդեոնյութն էլ բերեինք»,- ասաց նա:

 

Իսկ ո՞րն է Կարեն Պետրոսյանի վարկածը Գյումրու ոճրագործության վերաբերյալ: Նա նշեց, որ դժվարանում է պատասխանել, սակայն ունի մեկ հիմնական հարցադրում` եթե հանցագործության զենքը գտնվել է կեսօրին, ապա ինչո՞ւ շատ հեռուստաընկերություններ մինչև երեկո հայտարարեցին, որ հանցագործը զինված է: «Չէ՞ որ դա խուճապ առաջացնող ինֆորմացիա էր: Ես չհասկացա` դա դիտավորությո՞ւն է, թե՞ վատ աշխատանք: Իմ բոլոր վարկածները հիմնվում են այդ հարցադրման վրա: Այլ բաց հարցեր էլ կան` անհասկանալի է սպանության մոտիվացիան, այն էլ` նման հեռավորության վրա: Գյումրիի բնակիչը էդ մութ, խավար փողոցներում կկորչեր, ուրեմն ինչո՞ւ էնտեղից էդտեղ, ինչո՞ւ էդ ընտանիքը, ինչո՞ւ էին ռուսական կողմի զինված զինվորականները հետախուզում անցկացրել Հայաստանի տարածքում, ո՞վ էր այդ օպերացիան գլխավորում»,- իրեն հուզող հարցերը ներկայացրեց  Կարեն Պետրոսյանը:

 

Մեր այն հարցին` արդյո՞ք եղել են գյուղացիներ, որ տեսել են Պերմյակովին, նա պատասխանեց. «Կան խոսակցություններ, որ գյուղից եղել են բնակիչներ, որ տեսել են նրան, նույնիսկ տեսել են ձերբակալման պահը»: