Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի տեղեկություններով` ներքին զորքերի ղեկավարությունը, անհանգստանալով, որ կառավարության այսօրվա նիստի ժամանակ շենքի առջեւ մայիսի 12-ի կարկուտից տուժած արմավիրցիները հնարավոր է` բողոքի գործողություններ իրականացնեն, ինչպես նաեւ կրկին փակեն Արմավիր-Երեւան ավտոճանապարհը (կարկտահարության օրվանից մինչ մայիսի 20-ը բողոքի այս ձեւը ամենօրյա էր), երեկ խորհրդակցություն են կազմակերպել եւ դերաբաշխում կատարել:
Ոստիկանության հատուկջոկատայիններին հրահանգել են պետք եղած դեպքում ուժ գործադրել: Ծառայողների մի մասը, սակայն, հենց Արմավիրի մարզից են եւ համարձակվել են դեմ արտահայտվել՝ ասելով, որ իրենք չեն պատրաստվում ծնողների դեմ կանգնել, մանավանդ` իրենց գյուղերը եւս տուժածների թվում են, եւ հաստատ ակցիային կմասնակցեն նաեւ իրենց ծնողները: Բացի այդ` սպառնացել են, որ ով համարձակվի իրենց ծնողներին դեմ դուրս գալ, համապատասխան վերաբերմունքի կարժանանա:
Ներքին զորքերի ղեկավար կազմը որոշել է, որ այսուհետեւ երեւանյան «միջոցառումները» կհսկեն մարզերի հատուկջոկատայինները, իսկ մարզերում կարգ կհաստատեն երեւանցիները:
Բարեբախտաբար, երեկ երեկոյան Արմավիրի մարզ այցելեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ խորհրդակցության արդյունքում որոշվեց օգնել գյուղացուն` մեղմելու կրած վնասը: Բողոքի գործողություններ չկան, առայժմ:
Այս տեղեկատվությունն ուշագրավ է այնքանով, որ հատուկջոկատայինները միշտ հլու-հնազանդ կատարել են «վերեւից» իջեցված հրամանները. Երեւանում հետընտրական բախումների ժամանակ նրանք քաղաքացիներին մահակներով ծեծի էին ենթարկում, թեեւ չէր բացառվում, որ հենց իրենց հարազատներից կարող են լինել առաջին շարքերում: Այս պարագայում, սակայն, ըմբոստացել են: Սա նշանակում է, որ նրանց մոտ էլ է դանակը հասել ոսկորին, մանավանդ, որ խնդիրը կապված է անձամբ իրենց գյուղերի սովամահ չլինելու հետ: