Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախ գնահատական տվեց 2014թ. բյուջեին: Ըստ նրա` դա արտագաղթի ու աղքատության բյուջե է, իսկ որոշ մարդկանց համար` խրախճանքը շարունակելու բյուջե: Հինգ բալանոց սանդղակով «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը բյուջեն գնահատեց զրո:
Նա նշեց, որ, բյուջեի հետ կապված, իրենց խմբակցությունը ներկայացնելու է առաջարկներ, բայց ինչպես միշտ, ըստ պատգամավորի, կառավարությունն այդ առաջարկներից մեկ-երկուսը հավանության է արժանացնում, իսկ մնացածները մերժվում են:
Անդրադառնալով «Ժառանգության» ներկայացրած` «ԼՂՀ ճանաչման մասին» օրինագծի մերժմանը` Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունների և որոշ ընդդիմադիրների բերած փաստարկները, թե Արցախի ճանաչումը կարող է խանգարել բանակցային գործընթացին, ոչ միայն անհիմն է, այլ նաև քաղաքական սխալ մոտեցում: «Չեմ գտնում, որ, օրինագծին դեմ քվեարկելով, ինձ են մերժել, այլ իրենք իրենց են մերժել, և այն մեկնաբանությունները, թե կողմ են Արցախի ճանաչմանը, բայց դեռ ժամանակը չի, դրանով այդ քսան տարիները տվեցին քամուն»,- ասաց պատգամավորը:
Խոսելով երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրեն խոչընդոտելու մասին` Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ենթարկվում է Վլադիմիր Գասպարյանի հրամաններին և թույլ է տալիս ապօրինություններ:
Նա նշեց, որ դրանք արհեստական խոչընդոտներ էին, և կա հատուկ պաշտոնյաների ցանկ` գլխավոր դատախազ, պատգամավորներ և այլ պաշտոնյաները, որոնք իրավունք ունեն այցելելու ՔԿՀ-ներ ու տեսակցելու, բայց պատգամավորը կարծում է, որ ինքն այդ ցանկում չէ: «Մենք խնդրել ենք ընդունելություն, որ գնանք տեսնենք ինչ է կատարվում: Ըստ էության` դա հրապարակային տեսակցություն էր, ահա ինչու խոչընդոտը արհեստական եմ համարում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե չունեն խնդիր որևէ բան կոծկելու, ապա չպետք է արգելեն պատգամավորներին` այցելել ՔԿՀ-ներ:
Մեջբերելով երեկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունն այն մասին, թե ՔԿՀ-ներում համեմատաբար լավ պայմաններ են, ու չկա գերծանրաբեռնվածություն, Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: «Կա'մ նա չի տիրապետում իրականությանը, կա'մ նրանից թաքցնում են իրականությունը, կա'մ էլ նա ստում է»,- ասաց պատգամավորը: