Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Անձնական որևէ խնդիր չունեմ ձեր նշած անձանց հետ և արդեն ձանձրացել եմ այդ մասին խոսելուց»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով լրագրողների` իր, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի և ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հարաբերությունների մասին:
Նշենք, որ Աղվան Հովսեփյանի և Գևորգ Կոստանյանի ոչ բարյացակամ հարաբերությունների վկայություն է համարվում վերջերս Շենգավիթի քննչական բաժնի պետի և քննիչի դեմ հարուցված քրեական գործը, որն, ի վերջո, կարճվեց:
Ինչ վերաբերում է Կարեն Անդրեասյանին, ապա դեկտեմբերի 12-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՄԻՊ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան այրեր, ոլորտի ներկայացուցիչներ, բացառությամբ դատախազության: Հենց այդ օրն էլ Կ. Անդրեասյանը հայտարարել էր, թե դատախազության հետ իրենց համագործակցությունը բավարար չի ստացվում:
Ի դեպ, այսօր կազմակերպված` ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի (ներկայացուցիչը Գ. Կոստանյանն է) ինստիտուտի 10-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա չէր ՄԻՊ-ը:
«Ինձ համար միշտ անընդունելի է եղել այն, որ պետական մարմնի կողմից իր գործառույթի իրականացումը մեկնաբանվում է ինչ-որ անձնական շարժառիթների լույսի ներքո: Ես երբեք նման մոտեցում չեմ ունել մի քանի պատճառներով: Նախ` ես մարդու ճակատագրին առավելագույն հարգանքով եմ վերաբերվում, որպեսզի ինձ նման «շքեղություն» թույլ տամ` մարդու ճակատագիրը լուծել այս կամ այն անձի հետ հիպոթետիկ հակասություն ունենալու կամ չունենալու պատճառով»,- ասաց Գ. Կոստանյանը: