կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 16:25
Հասարակություն

Մարդ է, սպանում ենք. գինեկոլոգը` աբորտի մասին

Մարդ է, սպանում ենք. գինեկոլոգը` աբորտի մասին

Իր առաջնեկին երկու օր առաջ լույս աշխարհ բերած` 52-ամյա Զինաիդա Վարդերեսյանի գինեկոլոգ-մանկաբարձը` «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ կնոջ վերարտադրողության վերաբերյալ տարիքային վերին շեմ չկա` որպես ընդունված նորմա: Սակայն 45 տարեկանից հետո կնոջ օրգանիզմում կատարվող փոփոխությունները սահմանափակում են վերարտադրողական ֆունկցիայի լիարժեք կատարումը:

 

Ինչ վերաբերում է նրան, որ մեկ-երկու սերունդ առաջ կանայք 45 և ավելի տարիքում էլ երեխաներ ունեցել են, Ա. Պողոսյանը պատասխանում է, որ, ի տարբերություն ներկայի, երբ կինը առաջինից հետո կարող է մի քանի անգամ աբորտ անել և մի քանի տարի անց մտածել երկրորդի մասին, նախկինում կինը բնական կերպով, 2-3 տարին մեկ պարբերականությամբ, ունեցել է իր զավակներին և 4-րդ կամ ավելի երեխայի դեպքում արդեն մեծ տարիքում է եղել:

 

-Պարո'ն Պողոսյան, ինչպես հասկանում եմ` դեմ եք աբորտներին:

-Ես  շատ դեմ եմ: Նախ` մեր պետությունը այն պետությունը չէ, որտեղ կարելի է  աբորտներին դեմ չլինել: Ծնելիության պակաս ունենք: Պետք է աբորտներն արգելվեն` ընդհանրապես: Վերջիվերջո, չեմ ուզում այդ բառը հնչեցնել, բայց… մարդ է, սպանում ենք:

 

-Դուք չե՞ք անում աբորտներ:

-Հիմա ես չեմ անում աբորտներ, բայց առաջ շատ եմ արել, այն ժամանակ, երբ լավ չէի գիտակցում: Երբեմն ստիպված էի լինում աբորտ անել: Բայց երբ բացատրում ես, որ մի հատ էլ երեխա ունեցիր, և դրանից հետո` մի շարք կոնտրացեպցիայի (հակաբեղմնավորիչ) միջոցներ կան չհղիանալու համար, և նա չի համաձայնում, դա նյարդայնացնում է, որովհետև եթե ես չեմ անում, դիմում է մեկ ուրիշին:

 

-Վերջին շրջանում շատ է խոսվում սեռով պայմանավորված աբորտների մասին: Կարծում եք` խնդիրն իսկապե՞ս արդիական է, թե՞ նույնիսկ մի քիչ ուռճացնում են:

-Արդիական թեմա է, չեն ուռճացնում, միգուցե վերջերս մի քիչ ավելի քիչ են լինում: Բայց, դե, հայ ժողովուրդը,  գիտեք, ընտանիքում գոնե մի տղա պիտի ծնվի, որ սերունդը շարունակվի: Պետք է ասեմ, որ մեր հիմնարկում ավելի խիստ ենք նայում այդ հարցին, և հղիության 12 շաբաթականից բարձր չի թույլատրվում աբորտը: Գիտեն, որ ես էլ եմ դեմ, շատ քիչ են լինում նման դեպքերը: 

 

-Ի՞նչ կասեք այն գինեկոլոգներին, ովքեր աբորտներ անում են:

-Ինչքան հնարավոր է կնոջը բացատրեն, որ աբորտ չանի,  երկրորդ-երրորդ երեխայից հետո կինն ինքը կգնա և կոնտրացեպցիայի որևէ մեթոդ կընտրի: