Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որը նախորդ աշուններից առանձնապես չտարբերվեց եւ այդպես էլ չթեժացավ. ԱԺ հայտարարությունների ժամին ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ի տարբերություն իշխանությունների, քաղաքական որոշ ուժեր այդպես էլ չձեւավորեցին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական միասնական օրակարգ»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը` Շարմազանովը հայտարարեց, որ այդ միությանն անդամակցելը դրական է եւ բխում է պետության շահերից: «Ավելին՝ թե՛ որոշ ընդդիմադիր առաջնորդների հրապարակային հայտարարությունները, թե՛ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկումներն ու քվեարկությունը ցույց տվեցին, որ խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ է իշխանությունների այս որոշմանը, այդ թվում` նաեւ այն ուժերը, որոնց ներկայացուցիչները 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, իրար հերթ չտալով, փորձում էին քննադատել մեզ»,- նշեց նա:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայից հնչող ազդակներն էլ, ըստ Շարմազանովի, գալիս են ապացուցելու, որ Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: «Դրա վկայությունն է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի` վերջերս արած հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիան խոչընդոտելու է Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Չնայած նրանց գործադրած ջանքերին՝ այնուհանդերձ, կան եւ կլինեն երկրներ, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության իրական ջատագովներ: Վառ ապացույցը Բոլիվիան է, որի խորհրդարանի զույգ պալատների կողմից նախօրեին միաձայն դատապարտվեցին Հայոց ցեղասպանությունը եւ այն ժխտող քաղաքականությունը: Համոզված եմ, որ մարդկության դեմ իրագործված ոճիրները պետք է դատապարտվեն, քանի որ ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: