կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 11:37
Տնտեսական

ԱԺ-ն ընդունեց սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքը

ԱԺ-ն ընդունեց սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքը
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքները:

Դրանց համաձայն՝ հարկերից ազատվելու են սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, և փոխհատուցվելու են սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերը: Փոխհատուցման չափը որոշելու է կառավարությունը:


«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 18 պատգամավոր: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքին կողմ է քվեարկել 97 պատգամավոր:


Այնուհետև քվեարկության է դրվել «Շարժական գույքի նկարտմամբ ապահովված իրավունքների գոյացման մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Կողմ է քվեարկել միայն ՀՀԿ-ն, և օրինագիծն ընդունվել է ձայների` 65 կողմ, 28 դեմ և 4 ձեռնպահ  հարաբերակցությամբ։