կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 16:03
Սպորտ

Եթե չվստահեի Շալանդին, ապա հենց հիմա կհեռացնեի նրան. Ռուբեն Հայրապետյան

Եթե չվստահեի Շալանդին, ապա հենց հիմա կհեռացնեի նրան. Ռուբեն Հայրապետյան

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ:


-Գո՞հ եք հավաքականի ցույց տված արդյունքներից:

-Շատ դժգոհ եմ: Ինձ չի բավարարում այն, որ հավաքականը ընտրական փուլում 3 խաղից հետո վաստակել է ընդամենը 1 միավոր:


-Ինչպե՞ս եք գնահատում Բեռնար Շալանդի կատարած աշխատանքը, և Դուք դեռ շարունակո՞ւմ եք վստահել նրան:  

-Եթե չվստահեի, ապա հենց հիմա կհեռացնեի նրան: Ինձ առաջնահերթ հետաքրքրում են արդյունքները: Ես չեմ միջամտում մարզչի աշխատանքին, նա հաստատ ինձանից լավ է հասկանում տակտիկական դասավորությունից,  սակայն ինքս եմ խորհուրդ տվել, որ հավաքական չհրավիրի Արտակ Դաշյանին, քանի որ հենց նրա մեղքով գոլ բաց թողեցինք Սերբիայի հետ խաղում, և շատ անհաջող խաղաց Ֆրանսիայի հետ խաղում:  


-Մարսելի «Օլիմպիկ»-ում խաղում է երիտասարդ հայ պաշտպան, ՊՍԺ-ում էլ` կիսապաշտպան: Նրանք կարո՞ղ են հանդես գալ Հայաստանի հավաքականում:

-Դուք ավելի լավ է ձեր գործով զբաղվեք, իսկ մենք` մեր: Ֆեդերացիան լավ գիտի իր աշխատանքը: Եթե նրանք ունեն հայի ազգանուն, ապա դա չի նշանակում, որ հայ են: Մեր դռները բաց են նրանց առջև, ովքեր ցանկանում են հանդես գալ հավաքականում, իսկ ովքեր սկսում են «բազար» անել ֆեդերացիայի հետ, ապա նրանք տեղ չունեն հավաքականում: Մալոյանին մի քանի անգամ անձամբ ես եմ հրավիրել, նույնիսկ «Պորշե» է ուզել, համաձայնել եմ, սակայն կրկին չի եկել:


-Ինչպե՞ս եք գնահատում մեր շանսերը` Եվրո-2016-ի եզրափայիչ փուլ դուրս գալու համար:

-Եզրափակիչ փուլ դուրս գալու շանսեր ունենք, սակայն եթե շարունակենք խաղալ այն ֆուտբոլը, որը խաղացինք Սերբիայի և Պորտուգալիայի հետ, ապա ոչնչի չենք հասնի, քանի որ մտածում ենք միայն գոլ բաց չթողնելու մասին: Կարծում եմ` Շալանդը կփոխի իր մարտավարությունը:


-Ո՞րն էր Պորտուգալիայից կրած պարտության պատճառը:

-Վատ ֆուտբոլ խաղալը:  Մենք ունենք Մարկոս Պիզելլի և Արթուր Սարկիսով, ովքեր հիանալի մարզավիճակում են գտնվում, սակայն մեկնարկային կազմում չէին:  Ըստ իս` մենք պարտվել ենք սխալ մարտավարության պատճառով:


-Ինչո՞վ  է պայմանավորված տոմսերի թանկացումը:

-Տոմսերը թանկ չեն եղել: Անպայման պետք է Գալկի՞նը գա, որ մարդիկ տոմս առնեն: Թանկացել է, որպեսզի շահույթ ապահովվի: Այն երկրպագուները, ովքեր դիմել էին ֆեդերացիային, նրանց համար հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը վաճառվել են 2000 դրամով, սակայն, ինչպես տեսաք, այդ տեղերը նույնպես ամբողջությամբ զբաղված չէին:


-Խաղից հետո Շալանդը բողոքել էր Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպչական աշխատանքից: ՀՖՖ-ն բողոք ներկայացրե՞լ է ՈւԵՖԱ:

-Իհարկե` ոչ: Վատ պարողի պատմությունը գիտեք: Մեր պարտությունը բարդում ենք պորտուգալացիների վրա: Շալանդը  թող ուրիշ տեղ փնտրի պարտության պատճառները:


-Շատերն են համամիտ Ձեր կարծիքին, սակայն Շալանդը, կարծես, չի հասկանում դա: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր վստահությունը նրա նկատմամբ:

-Իսկ ձեր կարծիքով` նոր մարզիչն ընդամենը 3 ամսում հասկանալո՞ւ է խնդիրը: Ես ֆեդերացիայի նախագահ եմ, և ինքս եմ պատասխանատու մարզչի համար: Եթե իմանամ, որ կա  կախարդական փայտիկով մարզիչ, ապա կփոխարինեմ նրան: