կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 12:42
Տարածաշրջան

Դերսիմում կատարվածը ցեղասպանություն էր. իրարանցում՝ Թուրքիայի խորհրդարանում

Դերսիմում կատարվածը ցեղասպանություն էր. իրարանցում՝ Թուրքիայի խորհրդարանում

Դերսիմում կատարվածը ցեղասպանություն էր. հայտարարել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբի փոխնախագահ Իդրիս Բալուքենը երկրի Ազգային մեծ ժողովում ելույթի ժամանակ:

 

Ըստ Haberler-ի՝ ժողովի ընթացքում Դերսիմի պատճառով վեճ է ծագել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և ազգայնամոլական «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորների միջև:

 

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբի փոխնախագահ Իդրիս Բալուքենը, ընդգծելով, որ «Դերսիմում բացահայտ կոտորած է տեղի ունեցել», ասել է. «Դերսիմում ձեր ասածի նման ըմբոստություն կամ նման փորձ չկա: Այնտեղ բացահայտ կոտորած կա, նույնիսկ՝ ցեղասպանություն: Դերսիմում կատարվածը համակարգված ցեղասպանություն էր: Դերսիմում 1932-ից ի վեր ծրագրված ցեղասպանություն իրագործելու աշխատանքներ են իրականացվել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 18.000, իսկ ոչ պաշտոնականի համաձայն՝ 80.000 քուրդ, ալևի ու դերսիմցի է սպանվել իր ինքնության պատճառով: Այս պետությունը պետք է առերեսվի այդ ցավի հետ, դրանից փախուստ չկա: Եվ հարկ եղած ժամանակ, ներողությունն ըստ արժանվույն խնդրելուց բացի, արված բոլոր քայլերը մենք շոու ենք համարում: Մենք ասում ենք՝ եթե իսկապես առերեսվելու ենք մեր ցավոտ պատմության հետ, այն պետք է լինի ոչ միայն Դերսիմով, այլ նաեւ ազատ դատարանների ծրագրերի, նույնիսկ շեյխ Սայիդի օրից մինչ օրս իրագործված բոլոր արյունոտ սցենարների հետ առերեսմամբ: Մեր կուսակցությունը մինչ օրս այդ ուղղությամբ է աշխատել: Իսկ այսուհետ աշխատելու է այս ցեղասպանության բացահայտման ուղղությամբ»:

 

Այս խոսքերին ընդդիմացել է ազգայնամոլների` Մերսինից պատգամավոր Մեհմեդ Շանդըլը` ասելով. «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբի փոխնախագահն իր հայտարարություններով պնդում է, որ Թուրքիա պետությունը Դերսիմում ցեղասպանություն է իրագործել: Խոսքս ուղղված է ձեզ՝ այդ խոսքերն այստեղ հնչեցնելու համար չեն: Մենք թույլ չենք տա, որ Թուրքիա պետությանը մեղադրեք ցեղասպանություն իրականացնելու մեջ: Այդ խոսքերն անհապաղ պետք է հեռացվեն արձանագրություններից: Թուրքիայի Հանրապետություն պետությունը թուրք ժողովրդի պետությունն է: Ոչ ոք իրավունք չունի թուրք ժողովրդին մեղադրելու ցեղասպանություն իրագործելու մեջ:

 

Իմ երկրորդ հարցն ուղղված է կուսակցության հարգելի նախագահներին՝ փաստորեն, ձեր պետությունն ու ժողովուրդը, որը ներկայացնելիս հպարտանում եք, մեղադրվում են ցեղասպանություն իրագործելու մեջ: Այդ դեպքում հայերի հետ ինչո՞ւ համամիտ չեք: Նման հայտարարություն ինչպե՞ս եք թույլ տալիս: Յուրաքանչյուր պատգամավոր պետք է դեմ լինի սրան: Մենք չենք կարող թույլ տալ, որ Ազգային խորհրդարանում մեր ժողովրդին մեղադրեն ցեղասպանություն իրականացնելու մեջ: Հակառակ դեպքում` անիմաստ է մեր` այստեղ գտնվելը»:

 

Այնուհետև հայտարարությամբ է հանդես եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբի փոխնախագահ Նաջի Բոսթանջըն` ասելով. «Թուրքիայի Հանրապետություն պետությունը ոչ մի ցեղասպանություն, առավել եւս` Դերսիմում, չի իրագործել»:

 

Ելույթից հետո Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Գյուլդալ Մումջուն կուսակցությունների փոխնախագահների հետ առանձին հանդիպում է ունեցել: 20 րոպե տևած հանդիպումից հետո նիստը շարունակվել է, և Իդրիս Բալուքենը դարձյալ ելույթ է ունեցել:Այս անգամ նա նախորդ ասածներին գրեթե հակասել է, փաստորեն, լավ սաստած են եղել: Պնդելով, որ իր հայտարարություններում ինքը չի մեղադրել Թուրքիա պետությանը ցեղասպանություն անելու մեջ, ասել է. «Նման խոսք անգամ լինել չի կարող: Ամեն ինչից առաջ մենք` բոլորս, Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ ենք և Թուրքիայի ժողովրդի պատգամավոր: Բնականաբար, չենք կարող մեր ժողովրդին կամ մեր երկրին վիրավորել: Ես պարզապես խիստ քննադատության եմ ենթարկում այդ ժամանակաշրջանի իշխանություններին և ասել եմ, որ ներկայիս իշխանությունները պետք է առերեսվեն դրա հետ, որով հնարավոր կլինի դեմոկրատական հիմքերով ապագա կառուցել: Ես կարող եմ այդ իրադարձությունները ներկայացնել հետևյալ կերպ` «հազարավոր մարդկանց սպանեցին քարանձավներում՝ մկների նման թունավորելով», իսկ մեկ ուրիշը՝ այլ կերպ»:

 

Ժողովի ընթացքում պատգամավորների՝ «ցեղասպանություն» բառն արձանագրություններից հեռացնելու պահանջը Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Մումջուն մերժել է: