Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Գեղագիտության ազգային կենտրոնի «Կերպարվեստ» ստորաբաժանման շենքի շուրջ աղմուկ է բարձրացել: Ստորաբաժանման ուսուցիչ Հայկ Համբարձումյանի հավաստմամբ`«Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը տարածքը փորձում է փայտի մշակման արհեստանոց դարձնել: Ի դեպ, Համբարձումյանին ուրբաթ օրն Իգիթյանն ազատել է աշխատանքից: Արվեստանոցում արդեն տեղադրվել են կահույքագործական հաստոցներ, իսկ Համբարձումյանից պահանջել են ազատել տարածքը:
Այսօր արվեստանոց էր եկել կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Էմմա Ասատրյանը: Լրագրողների հետ զրույցում տիկին Ասատրյանը նշեց, որ եկել է` գույքագրում կատարելու: Նա սկզբում նշեց, թե գույքագրման նպատակը տեսնելն է՝ որտեղ ինչ ունեն, բայց րոպեներ անց ավելացրեց, որ չի բացառում տեղում արհեստանոց սարքելը, հետո, սակայն, փոշմանեց և պնդեց, թե չգիտի` տարածքն ինչ է լինելու, պարզ է միայն, որ տարածքը պետք է ազատվի` վերանորոգման համար:
Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ են հաստոցներ տեղադրել արվեստանոցում, Ասատրյանը պատասխանեց. «Հաստոցը նորոգման հետ համատեղ պետք է տեղադրվի։ Մեր գույքն է, տեղափոխել ենք այստեղ: Հարմար ենք գտել այստեղ դնել, այստեղ ենք դրել, ի՞նչ կա դրա մեջ, դրա մեջ կրիմինալ տեսնո՞ւմ եք»:
Հարցին, թե ինչո՞ւ է Համբարձումյանն ազատվել աշխատանքից, հնարավո՞ր է` ղեկավարությանը չենթարկվելու համար են հեռացրել նրան, Ասատրյանը պատասխանեց, թե՝ նաև:
Ուշագրավ է, որ երբ կենտրոնի նախկին սան, ճարտարապետ Ռուբեն Մալումյանն ասաց, թե` հաստոցները վերցրեք այստեղից և տեղափոխեք այլ վայր, տիկին Ասատրյանը բորբոքվեց ու հարցրեց, թե ո՞վ է նա, որ իրեն նման բան է ասում: Երբ Մալումյանն ասաց, որ ինքն արվեստանոցի նախկին սաներից է, այդտեղ է սովորել ու ձևավորվել, տիկինը նշեց.«Երևում է` լավ չես ձևավորվել, կիսատ է մնացել ձևավորումդ։ Քո դաստիարակությունը կիսատ է մնացել»:
Դեպքի հետ կապված ուշագրավ մանրամասները` տեսանյութում: