կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-03 12:45
Իրավական

Նոր մանրամասներ Վարդենիսի ողբերգական միջադեպի մասին

Նոր մանրամասներ Վարդենիսի ողբերգական միջադեպի մասին

Սեպտեմբերի 20-ին` ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Սարգսյանը: Նույն օրը` ժամը 21.15-ին, ոստիկանության Մարտունու բաժնից հեռախոսագիր էր ստացվել, որ Հրավարդ Սարգսյանը «կրծքավանդակի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ նրա հարազատները հայտնել են, որ վնասվածքները ստացել է ծեծի հետևանքով: Հրավարդ Սարգսյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր Երևան` նեղ մասնագիտական բուժօգնության:

 

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը` ժամը 18.30-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Մարտին Հ.-ն, 1987 թ. ծնված Զոհրաբ Կ.-ն և 1987 թ. ծնված Հրանտ Շ.-ն ծեծի են ենթարկել Հ. Սարգսյանին և պատճառել վնասվածքները: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

 

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 22-ին` ժամը 20.00-ին, Հրանտ Շ.-ն կամավոր ներկայացել էր Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը: Նույն օրը` ժամը 21.00-ին, նա ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Սեպտեմբերի 24-ին` ժամը 17.00-ին, Հրավարդ Սարգսյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Սեպտեմբերի 29-ին` ժամը 18.20-ին, Մարտին Հ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը: Հոկտեմբերի 2-ին` ժամը 18.30-ին, Զոհրաբ Կ.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին: Նույն օրը նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: